Մատչելիության հղումներ

logo-print

Հրանտ Դինքի սպանության հետ կապված վեճեր` Թուրքիայի կրթական համակարգում


Իզմիրի քոլեջներից մեկում գրականություն դասավանդող 25-ամյա Այսել Քիլիչին հեռացնում են աշխատանքից` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության առնչությամբ հրապարակայնորեն արտահայտած կարծիքի համար:

Թուրքական «Սաբահ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի` մեծությամբ երրորդ քաղաքի քոլեջներից մեկի մի ուսանող դասի ժամանակ հայտարարել է, թե Դինքի սպանությունը արդարացված էր, քանի որ «Ակոս»-ի խմբագրապետի գործունեությունն ուղղված էր թուրքական պետության հիմքերի խարխլմանը: Գրականության դասախոս Այսել Քիլիչը հակադարձել է, թե «որեւէ մեկը չպետք է կյանքից զրկվի իր արտահայտած տեսակետի համար»: Խոսակցության մասին տեղեկացել են աշակերտների ծնողները, եւ վիճաբանությունից մի քանի օր անց Իզմիրի կրթության վարչությունն ու նահանգապետի գրասենյակը նամակ են ստացել, որում քոլեջի սաներից մեկի հայրը բողոքում էր, թե դասերի ժամանակ բուն ուսումնական ծրագրերին անդադառնալու փոխարեն Քիլիչը խոսել է քաղաքական խնդիրներից, այդ թվում պնդել է, թե «թուրքերը նախորդ դարասկզբին հայերի նկատմամբ բազմաթիվ դաժանություններ են գործել»: Նամակի հեղինակը նաեւ պնդում էր, թե որդու ուսուցչուհին անթաքույց համակրանքն է արտահայտել Քրդական աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլա Օջալանի նկատմամբ` ասելով, թե վերջինիս բանտային պայմանները շատ վատն են:

Նամակը պատճառ է դարձել, որպեսզի կրթության նախարարությունը ծառայողական քննություն սկսի` տեսուչների խումբ ուղարկելով Իզմիր: Հանձնաժողովը, ի վերջո, որոշել է սեփական կարծիքը բարձրաձայնած դասախոսին հեռացնել աշխատանքից: Ավելին, հանձնաժողովի պատրաստած զեկույցի հիման վրա Իզմիրի դատախազությունը սկսել է նյութեր նախապատրաստել` Քիլիչին քրեական մեղադրանք ներկայացնելու համար:

Այդուհանդերձ, կրթության նախարարությունը որոշել է Այսել Քիլիչին համակարգից չհեռացնել` նրան նոր նշանակում առաջարկելով Տրապիզոնում: Թուրքական մամուլը նախարարության առաջարկը որպես ծաղր է որակել, քանի որ Սեւ ծովի ափին գտնվող այս քաղաքը համարվում է թուրքական ազգայնականության կենտրոն, եւ Տրապիզոնից են սերում Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթն ու հանցավոր խմբի մյուս անդամները: Թուրք լրագրողները լուրջ կասկածներ են հայտնում, թե ազատական հայացքների տեր Քիլիչը առհասարակ կկարողանա աշխատել Տրապիզոնի որեւէ կրթական հաստատությունում:

Ինքը երիտասարդ դասախոսը դիմել է դատախազություն` գործը կարճելու պահանջով: «Իմ դեմ ներկայացված մեղադրանքներից եւ ոչ մեկը իրականությանը չի համապատասխանում», - հայտարարել է Քիլիչը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG