Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանում, պարզվում է, կան նախարարներ, ովքեր առանց բարդույթների կարող են խեղաթյուրել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի խոսքերը եւ նրան վերագրել մտքեր, որոնք նա չի ասել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` նշելով, որ Թոմաս Համմարբերգը իր եռօրյա այցելությունը ամփոփելու նպատակով հրավիրած մամուլի ասուլիսը սկսել է հենց այս խնդրին վերաբերող հայտարարությունով: «Տարբեր նախարարություններ տարբեր մամլո հաղորդագրություններ են հրապարակել նախարարների հետ մեր հանդիպումների բովանդակության վերաբերյալ: Առանց մանրամասնելու` մի բան ցանկանում էի հստակեցնել. որ ես կցանկանայի ինքս ներկայացնել իմ կարծիքները, եւ որ առանց իմ թույլտվության չպիտի որեւէ մեկը օգտագործի մեկ ուրիշի ասածը այն մասին, թե ես ինչ կարող էի ասած լինել հանդիպումների ընթացքում», - ասել է Համմարբերգը` շեշտելով, որ իրեն վերագրվող մտքերի մի զգալի մասը «ճիշտ չէ եւ իրականությանը չի համապատասխանում»: «Իսկ հերոսը, ով նման ձեւով արժանացել էր հանձնակատարի ուշադրությանը, ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն է: Այլ մարդ չէր կարող լինել այն պարզ պատճառով, որ նա հանձնակատարի հետ հանդիպած միակ նախարարն է», - մատնացույց է անում «Հայկական ժամանակ»-ը:

Ըստ «Հրապարակ»-ի` Թոմաս Համմարբերգը «մի քանի ուշագրավ նկատառումներ է հայտնել». - «Նախ, նա շատ կոպիտ է արտահայտվել տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունների գործունեության մասին` նրանց կոչելով «ինքնանշանակ մամուլի խոսնակներ», որոնք աղավաղում են իր խոսքերը… Իսկ սա նշանակում է, որ մեր տարբեր գերատեսչություններում ստի նկատմամբ հակում կա եւ ամոթի իսպառ բացակայություն, ինչը հայտնի է դարձել եվրոպացի հյուրին»: Անդրադառնալով նաեւ Համմարբերգի հաջորդ հայտարարությանը, որ իր «ասելիքը ինքը կասի եւ միջնորդների կարիք չունի»` թերթի մեկնաբանը շարունակում է. - «Սա էլ նշանակում է, որ ինքը չի պատրաստվում կոծկել մեր իշխանությունների արածը եւ նրանց ասածները հալած յուղի տեղ ընդունել: Առավել եւս` թյուրիմացության մեջ գցել հայ հասարակությանը: Այսինքն, բարեկիրթ եվրոպացուն հայավարի «ֆռռացնելու» տարբերակը տվյալ դեպքում չի անցել: «Եթե ուզում եք վիճակը հարթել` կատարեք եվրակառույցների պահանջները». ահա Թոմաս Համմարբերգի եզրահանգումը: Հակառակ դեպքում «սանկցիաներն անխուսափելի են, եւ ձեզ չթվա, թե սպասելու ենք մինչեւ հունվար»:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի անդամները երեկ շատ հուզիչ առաքելություն էին իրականացնում. նրանք այցելել էին կալանավորված այն պատգամավորներին, ովքեր բանտում են հայտնվել նույն այդ հանձնաժողովականների քվեարկության արդյունքում»:

«ժամանակ Երեւան»-ը, գրելով, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի գործը վերջապես մտել է դատարան, շարունակում է. - «Այվազյանը մարտի 1-ի գործով առաջին քաղբանտարկյալներից է: Նրան ձերբակալել են փետրվարի 24-ին` այն օրը, երբ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց հայտնի իրադարձությունների հետ կապված մայր գործը, երբ մի գիշերվա մեջ խուզարկվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի հարյուրավոր կողմնակիցների տները»:

«Հայոց Աշխարհ»-ը, հիշեցնելով, որ Դավիթ Շահնազարյանը նախօրեին հրապարակավ ստորագրել է մի գրություն, որով պահանջվում է «Ռոբերտ Քոչարյանի գործը» հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարան», հակադարձում է. - «Անկախ Հաագայի դատարան դիմելուց, դիմողն իր մեղադրանքների հիմքում ընկած ապացույցները, նախեւառաջ, պարտավոր է ներկայացնել մեր երկրի համապատասխան իրավապահ մարմիններին։ Սակայն կասկած չունենք, որ նա ինքնակամ չի ներկայացնի թեկուզ մեկ ապացույց, քանի որ պարզապես չի կարող ներկայացնել գոյություն չունեցողը։ Առայժմ հայտնի չէ, թե նախկին նախագահը մտադի՞ր է դիմել գլխավոր դատախազին, որպեսզի իրեն զրպարտելու համար Շահնազարյանի նկատմամբ քրեական գործ հարուցվի։ Սակայն անկախ այդ հանգամանքից, քանի որ մամուլում հաղորդում է հրապարակվել հանցագործության մասին, գլխավոր դատախազությունը կամ իրավապահ որեւէ այլ համապատասխան կառույց պարտավոր է նյութեր նախապատրաստել եւ, օրենսդրությամբ սահմանված ժամկետում, կայացնել կամ այդ հանցանքների հեղինակի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու որոշում` եթե չներկայացվեն համապատասխան ապացույցներ։ Վերջինի դեպքում արդեն կբխի հաջորդ տրամաբանական եւ իրավական քայլը՝ Դավիթ Շահնազարյանի նկատմամբ քրեական գործի հարուցում` հանցագործության մասին սուտ մատնության հատկանիշներով»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG