Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին տեղեկացրել է, որ պարզվել է այն ոստիկանների շրջանակը, ովքեր մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ հատուկ միջոց են կիրառել, ինչի արդյունքում զոհվել է երեք մարդ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը փոխանցեց նաեւ, որ, ըստ նախաքննական մարմնի, նման հատուկ միջոց (արցունքաբեր գազ` «չերյոմուխա») կիրառել է չորս ոստիկան, եւ հարկավոր է պարզել, թե նրանցից ովքեր են պատճառ դարձել 3 անձանց մահվան:

«Խոսքը վերաբերում է հենց այն հատուկ միջոցների տեսակին, որը դարձել է մահվան պատճառ` արցունքաբեր գազը` չերյոմուխան», - պարզաբանեց Սոնա Տռուզյանը` շարունակելով. - «Պետք է ճշգրտվի, թե այդ 4 ոստիկաններից ովքեր են այն երեքը, որոնց արձակած այդ փամփուշտներն էլ դարձել են մահվան պատճառ... Մահացած անձանց մարմիններից հանվել են այդ օտար մարմին կոչվածները` չերյոմուխայի մասնիկները, եւ նույնացում պետք է կատարվի: Սակայն մեր փորձագետները այդ նույնացման առումով ունեն որոշակի դժվարություններ: Եվ այս առումով խնդրել ենք պարոն Համմարբերգի օգնությունը` համապատասխան փորձագետներ տրամադրել` դատաձգաբանական փորձաքննությունների մասնակցելու համար»:

Աղվան Հովսեփյանը պատրաստակամություն է հայտնել փորձաքննության համար անհրաժեշտ բոլոր նյութերը ուղարկել արտերկիր` փորձաքննությունն անցկացնելու նպատակով:

Հարցին, թե ինչ է իրենից ներկայացնում «Չերյոմուխան», Սոնա Տռուզյանը պարզաբանեց. - «Դա արցունքաբեր գազ է, որը սովորաբար օգտագործվում է նաեւ տարբեր եվրոպական երկրներում հենց այդ կարգի միջոցառումների դեպքում, որը արցունք է առաջացնում եւ անվտանգ է դա համարվում մարդկանց կյանքի համար ընդհանրապես: Ուղղակի դա մի կոշտ իրի է հարվածում եւ գազ է արձակվում: Տվյալ պարագայում դա հայտնվել է մարդու մարմնի մեջ եւ հենց դա է դարձել մահվան պատճառ: Գնահատական կտրվի նրանցից [ոստիկաններից] յուրաքանչյուրի գործողությունների օրինականությանն ու համաչափությանը»:

Հրազենից մահացածներին վերաբերող հարցին գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը պատասխանեց. - «Դեռեւս ճշգրտվում է հրազեն օգտագործած անձանց շրջանակը: Նախաքննության ունեցած տվյալների համաձայն, ցուցարարների թվում եղել են անձինք, ովքեր զինված են եղել, եւ կան արդեն նաեւ կալանավորված անձինք»:

Հարցին, թե արդյոք ձեռք բերվել են ոստիկանների կողմից զենքի հնարավոր կիրառման ապացույցներ, Տռուզյանը պատասխանեց. - «Ընդհանրապես հրազեն տրամադրվե՞լ է, թե՞ չի տրամադրվել, ո՞ւմ է տրամադրվել, ի՞նչ քանակությամբ, ի՞նչ տեսակի... համապատասխան այդ բոլոր մատյանները նախաքննական մարմնի կողմից առգրավվել են ոստիկանությունից: Եվ այդ մատյանները ուսումնասիրվում են... Խախտումներ արձանագրվելու դեպքում դրանց կտրվի համապատասխան իրավական գնահատական»:

Տռուզյանի փոխանցմամբ, Աղվան Հովսեփյանն ու Թոմաս Համմարբերգը քննարկել են գլխավորապես մարտի 1-2-ին տեղի ունեցած 10 սպանությունների բացահայտման հարցը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG