Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մեղադրանք պետք է առաջադրվի միայն այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել բռնարարքներին»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության շրջանակներում իրավապահների կողմից մեղադրանք պետք է առաջադրվի միայն այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել բռնարարքներին:

Ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության, երեկ ընդունելով Հայաստանում եռօրյա փաստահավաք այցն ավարտող Թոմաս Համմարբերգին, Սերժ Սարգսյանը նշել է, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերը եւ վճռական են դրանց իրականացման գործում: Նախագահը ողջունել է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ մարդու իրավունքների հանձնակատարի կողմից գործադրվող ջանքերը:

Թոմաս Համմարբերգը, երկու բանաձեւերն էլ կարեւոր սկզբնակետ համարելով, անդրադարձել է սեպտեմբերի 11-ին մոնիտորինգի հանձնաժողովում իր ներկայացնելիք զեկույցին` շեշտադրում կատարելով երեք հիմնական հարցերի վրա: Դրանցից առաջինի` հանրահավաքների, երթերի եւ ցույցերի անցկացման հարցի կապակցությամբ Համմարբերգը «դրական է գնահատել այդ ուղղությամբ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը, կատարված օրենսդրական փոփոխությունները եւ կարեւորել է օրենքի պատշաճ կիրարկումը»: Երկրորդը վերաբերում է մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետաքննությանը, որը, ըստ մարդու իրավունքների հանձնակատարի, կարեւոր է, որ լինի անկախ, թափանցիկ եւ վստահելի: Երրորդը անազատության մեջ գտնվող անձանց խնդիրն է, որի առնչությամբ Սերժ Սարգսյանը «եւս մեկ անգամ նշել է, որ իր համոզմամբ, իրավապահների կողմից մեղադրանք պետք է առաջադրվի միայն այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել բռնարարքներին»:

Ավելի ուշ հրավիրած ասուլիսում, ամփոփելով իր եռօրյա հանդիպումների արդյունքները, Թոմաս Համմարբերգը նշեց, որ Հայաստանի իշխանությունների կատարած քայլերը ԵԽԽՎ-ի թիվ 1620 բանաձեւի կատարման ուղղությամբ «բավարար չեն», կան «լրացուցիչ անելիքներ, որպեսզի կատարվեն բանաձեւի պահանջները»:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ Համմարբերգը ասաց, որ «հույս ունի, որ հնարավոր կլինի իրականացնել մի հետաքննություն, որը կլինի անկախ, թափանցիկ եւ վստահելի»:

Պատասխանելով մարտի 1-2-ին 10 անձանց սպանությունների հետաքննությանը վերաբերող հարցին, Համմարբերգը ասաց, թե «առաջընթաց կա, բայց, ցավոք, շատ դանդաղ է»:

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը փոխանցեց, որ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին, որ «քաղաքականապես ակտիվ գործիչները արդեն չորս ամիս է կալանքի տակ են գտնվում, եւ նրանց կալանքը անընդհատ երկարացվում է»: Նա ասաց, որ առաջարկել է Հայաստանի իշխանություններին, որ եթե նրանք իսկապես ունեն ապացույցներ, ապա գործերը ուղարկեն դատարան, իսկ եթե ապացույցներ չկան, ապա այդ բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն:

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին փորձագետներ տրամադրելու վերաբերյալ հարցին Համմարբերգը պատասխանեց, որ դա «դեռեւս բաց հարց է». - «Ես չեմ կարող փորձագետներ տրամադրել, մինչեւ վստահ չլինեմ, որ ընթացակարգը վստահելի է»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG