Մատչելիության հղումներ

Ստեփան Դեմիրճյան. «Մարդիկ շարունակելու են պայքարել»


Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը այսօր համոզմունք հայտնեց, որ ընդդիմության հանրահավաքները եւ նստացույցերը առաջիկայում եւս կշարունակեն:

«Մարդիկ շարունակում են պայքարել եւ շարունակելու են պայքարել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀԺԿ-ի առաջնորդը: - «Եվ հասարակական կարծիքի հետ այս իշխանությունը չի կարող հաշվի չնստել: Եվ ինչքան շուտ հաշվի նստի, այնքան ավելի լավ թե’ երկրի համար, թե’ հենց նույն իշխանության համար, թե’ մեր ժողովրդի համար»:

Ձեւավորվող Ազգային կոնգրեսի վերաբերյալ Դեմիրճյանը ասաց. - «Հանուն կոնկրետ խնդիրների լուծման, իհարկե, նպատակահարմար ենք համարում Կոնգրեսի ստեղծումը: Բայց մեկ կուսակցություն ստեղծելու մասին խոսելը ժամանակավրեպ է»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե այլ երկրներում (օրինակ, Հնդկաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում) Ազգային կոնգրեսները իրենց նպատակներին հասել են տասնամյակների ընթացքում, Ստեփան Դեմիրճյանը արձագանքեց. - «Հուսով եմ, որ Հայաստանում շատ ավելի կարճ դա կտեւի»:

«Փոփոխությունները պահանջում են համառություն, հետեւողականություն, եւ բոլոր հարցերը չէ, որ անմիջապես լուծվում են», - հավելեց ՀԺԿ-ի առաջնորդը:

Մի քանի օրից կլրանա վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը: Հարցին, թե ինչ է փոխվել սոցիալ-տնտեսական բնագավառում, Դեմիրճյանը պատասխանեց. - «Մենք չենք տեսնում իրավիճակի լացավում: Ըստ էության, երկրում շարունակում է գործել կլանային օլիգարխիկ համակարգը: Իհարկե, 100 օրը այն ժամանակը չէ, որի ընթացքում կարելի է կտրուկ փոփոխություների հասնել: Եվ, ինչ խոսք, մենք նկատի ունենք նաեւ օբյեկտիվ դժվարությունները: Սակայն լուրջ ես առայսօր չեմ տեսնում զարգացման միտումներ»:

Ստեփան Դեմիրճյանը կրկին պատրաստակամություն հայտնեց իշխանությունների հետ երկխոսություն սկսելու առաջարկի կապակցությամբ, բայց` միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելու դեպքում:

Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանում դատելու համար սկսված ստոգրահավաքի կապակցությամբ ՀԺԿ-ի առաջնորդը ասաց. - «Ես անձամբ կգերադասեի, որ մեր հանցագործներին մենք պատժեինք: Եվ ցավալի է, որ այս ամենը տեղի է ունենում: Սա այն պատճառով է տեղի ունենում, որ արդարադատությունը չի գործում մեր երկրում: Եթե մեր երկրում արդարադատությունը չի գործում, դա կգործի երկրից դուրս: Բայց սա, կրկնում եմ, ավելի շուտ հասարակական նախաձեռնություն է»:

Նրա որակմամբ, «դիվանագիտական» է Աբդուլա Գյուլին Երեւան Հրավիրելու Սերժ Սարգսյանի առաջարկը. - «Սակայն մեզ համար անընդունելի է ցեղասպանության հարցը ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման առաջարկը: Կարող է լինել հանձնաժողով, որը կուսումնասիրի միայն ցեղասպանության հետեւանքները»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG