Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը նամակներ է հղել Հատուկ քննչական ծառայության պետին եւ Վայոց Ձորի մարզի դատախազին


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակներ է հղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին եւ Վայոց Ձորի մարզի դատախազ Հովհաննես Պալյանին` հետաքրքրվելով այս տարվա մարտի 5-ի քննչական հանձնարարականի հետ կապված հանգամանքներով:

Նամակներում, որոնք տրամադրել են մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Հարությունյանը տեղեկացնում է, որ սեփական նախաձեռնությամբ սկսել է Հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց Ձորի մարզի դատախազին տրված քննչական հանձնարարության իրավաչափության վերաբերյալ հարցի քննարկումը` «նկատի ունենալով քննչական հանձնարարականի իրականացման ընթացքում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոչ իրավաչափ սահմանափակման հնարավորությունը, ինչպես նաեւ հարցի բացառիկ հասարակական նշանակությունը»:

«Հարցի ուսումնասիրության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել պարզաբանել, թե ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից տրվել են արդյոք նմանատիպ հանձնարարություններ նաեւ հանրապետության այլ մարզերում», - Հատուկ քննչական ծառայության պետին գրում է մարդու իրավունքների պաշտպանը` առաջարկելով տասնօրյա ժամկետում ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճենները:

Վայոց Ձորի դատախազին Արմեն Հարությունյանը խնդրում է տասնօրյա ժամկետում հայտնել, թե ինչպիսի գործողություններ են իրականացվել ի կատարումն այդ քննչական հանձնարարության:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG