Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը նպատակահարմար է գտնում Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակումը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում նպատակահարմար է համարել «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի վաղաժամկետ ազատ արձակումը:

Նշելով, որ մոտ օրերս դատապարտյալներին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու անկախ հանձնաժողովը քննարկելու է Բաբաջանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը, օմբուդսմենը հայտարարել է. - «Նկատի ունենալով, որ Արման Բաբաջանյանը նախկինում դատապարտված չի եղել, նրա դեմ հարուցված չի եղել քաղացիական հայց, ինչպես նաեւ հաշվի առնելով խնդրի հասարակական նշանակությունը եւ վերջին շրջանում միջազգային հեղինակավոր իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպությունների հայտարարությունները` Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը գտնում եմ նպատակահարմար»:

Օմբուդսմենի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հայտարարությունում նաեւ նշված է. - «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2007 թվականի մայիսի 17-ին լրացել է Արման Բաբաջանյանի պայմանական վազաժամկետ ազատման ժամկետը: Այդուհանդերձ, 2007 թվականի հուլիսին` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւ 2007 թվականի դեկտեմբերին` «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի համապատասխան միջնորդությունները անկախ հանձնաժողովի կողմից մերժվել են»:

Բաբաջանյանը 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG