Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով շաբաթ օրը վարչապետի գլխավորությամբ կառավարության անդամների Տավուշի մարզ կատարած այցին, նկատում է. - «Երբ նման համազգեստով երկրի նախագահն է այցելում սահմաններ, դա հասկանալի է` նա զինված ուժերի գլխավոր հրամանատարն է եւ ի պաշտոնե պարտավոր է զբաղվել երկրի անվտանգության խնդիրներով: Սակայն պարզապես զավեշտական է, երբ բոլոր նախարարները սահմանամերձ շրջան են գնում որեւէ փոշի չտեսած «ֆիդայու շորերով», զենքերը ձեռքներին «մարտական պոզաներ» են ընդունում, այնուհետեւ նստում են իրենց սպասարկող հարյուր հազարանոց «ջիփերը» եւ վերադառնում Երեւան: Չգիտեմ` ո՞ւմ մտքով է անցել կազմակերպել այս «պարահանդես-դիմակահանդեսը», բայց ակնհայտ է, որ միլիտարիստական թեքումով PR ակցիան դժվար թե ինչ-որ լրացուցիչ միավորներ բերի իշխանություններին: Եթե նպատակն էր` ցույց տալու, թե «մենք սովորական մարդիկ ենք, թանկանոց կոստյումներ չենք հագնում, զինվորների հետ նույն կաթսայից հաց ենք ուտում», ապա միեւնույն է` այդ դերասանություններին ոչ ոք չի հավատա: Շորեր փոխելը հեշտ է, գործ անելը` դժվար: Կարելի է ամեն օր հագնել զինվորի, հրշեջի, փականագործի կամ սանտեխնիկի համազգեստ, բայց ինչպե՞ս անել, որ գոնե մեկ պետավտոտեսուչ կաշառք չվերցնի»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը եւս անդրադառնալով այս այցելությանը` մեջբերում է վարչապետի խոսքերը, որն ասել է, թե «խնդիր է դրված, որ ծառայության ընթացքում ցանկացած զինվորի հնարավորություն ընձեռվի սովորել համակարգչից օգտվել»: «Նախատեսվում է, որ բոլոր զորամասերը կապահովվեն համապատասխան գրականությամբ եւ համակարգիչներով», - հավաստիացրել է վարչապետը:

«Ժամանակ Երեւան» թերթը, որի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը գտնվում է մեկուսարանում, իր այսօրվա համարում ամբողջ խմբագրակազմով շնորհավորում է նրան ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում շուտափույթ ազատ արձակում: «Հուլիսի 15-ին լրանում է Արման Բաբաջանյանի ծննդյան 32-ամյակը: Արմանն իր 30-րդ, 31-րդ, եւ այժմ էլ 32-րդ տարեդարձերը նշում է անազատության մեջ», - գրում է թերթը:

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում հավաստիացնում է. - «Մենք՝ հանձնաժողովի անդամները, ես՝ որպես հանձնաժողովի նախագահ, պատասխանատվություն ենք զգում մեր ժողովրդի, մեր ազգի առջեւ։ Համարում ենք, որ այդ հարցերի պատասխանը պետք է տրվի։ Այդ պատասխանը հասարակության մեծամասնության համար ընկալելի եւ ընդունելի պիտի լինի, որպեսզի մեր պատմության այս էջը փակենք։ Միգուցե մարդիկ կան, որոնք ուզում են, որ այդ էջը անընդհատ բաց մնա եւ շահարկվի, օգտագործվի ներքին կատակլիզմների ժամանակ եւ նախընտրական շոուների առարկա դառնա։ Հանձնաժողովն այդ խնդիրը չունի՝ միակ բանը, որ ուզում ենք՝ մարտի 1-2-ի հետ կապված հարցականները հանելն է»:

«Հայք» թերթը Դավիթ Շահնազարյանի երեկվա ասուլիսից մեջբերում է նրա հետեւյալ խոսքերը. - «Ղարաբաղ կոմիտեի քննիչ Աղվան Հովսեփյանը այսօր ղեկավարում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը: Նրանց նպատակն է ոչնչացնել Արցախյան շարժման նվաճումները»:

Հյուսիսային պողոտայում նստացույցի մասնակից, 72-ամյա միայնակ թողակառու Մինասյան Սանդուխտը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ իրեն զգուշացրել են` Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած միտինգներին չգնալ: «Ես բնակվում եմ Էրեբունի թաղամասում: Երեկ շուկա էի գնում: Ոստիկանի հագուստով մի երիտասարդ կանգնեցրեց եւ զգուշացրեց, որ էլ միտինգի չգնամ: Ես էլ պատասխանեցի, որ միշտ պայքարել եմ ու պայքարելու եմ մինչեւ վերջ: Ոստիկանը ծիծաղեց, նստեց մեքենան ու գնաց», - թերթին պատմել է միայնակ թոշակառուն:

Մի շարք թերթեր անդրադարձել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ուղիղ հեռարձակումը ընդհատելու փաստին: «ժամանակ Երեւան»-ը «Խայտառակություն» վերնագրի տակ գրում է. - «Երկու օր առաջ «Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը ուղիղ եթերով հեռարձակվելու ընթացքում, երբ Ռոման Բալայանը հայտարարել է` մեկ լռությամբ հարգենք մարտի 1-ի զոհերի հիշատակը, ուղիղ եթերն ընդհատվել է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG