Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Տեր-Պետրոսյանը Թոմաս Համմարբերգին է ներկայացրել «քաղաքական հալածանքների» մասին վկայող փաստեր


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ կայացած հանդիպման ժամանակ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին է ներկայացրել այն փաստաթուղթը, որով Հատուկ քննչական ծառայության ղեկավարը Վայոց Ձորի մարզի դատախազին հրահանգել էր հարցաքննել Տեր-Պետրոսյանի աջակից բոլոր ակտիվիստներին եւ նրանց հարազատներին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Համաժողովրդական շարժման անդամ Լեւոն Զուրաբյանը:

«Պարոն Տեր-Պետրոսյանը, առաջին հերթին, ներկայացրեց վերջերս իր կողմից հրապարակված այն փաստաթուղթը, որով քննչական ծառայության պետը ապօրինի հանձնարարություն էր ուղարկել շրջանային դատախազներին, որի հիման վրա ամբողջ Հայաստանով մեկ ձեռնարկվեց ընդդիմության զանգվածային հալածանքների մի ամբողջ ալիք», - ասաց Զուրաբյանը` հավելելով. - «Այդ փաստաթուղթը շատ լուրջ ապացույց է նրա, որ առանց որեւէ ամոթի ու առանց օրենքի նկատմամբ որեւէ հարգանք ունենալու, մեր իշխանությունները սանձազերծել են ահաբեկումների մի ամբողջ կամպանիա ընդդիմության դեմ: Ուստի այս փաստաթուղթը ներկայացվեց եւ մեկնաբանվեց Տեր-Պետրոսյանի կողմից»:

Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ` Տեր-Պետրոսյանը Համմարբերգին է ներկայացրել նաեւ 82 «քաղբանտարկյալների» ցուցակ, ինչպես նաեւ մի տեղեկանք, որտեղ առանձին-առանձին նշվում է, թե ինչպիսի քաղաքական հետապնդումների եւ հալածանքների են ենթարկվում այդ անձինք:

Համաժողովրդական շարժման ներկայացուցիչը հայտնեց, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների մասին. - «Մեր դիրքորոշումները ներկայացվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից: Այդ հանձնաժողովը բացարձակ վարկաբեկված մարդկանցից կազմված հանձնաժողով է, այդ մարդկանց անաչառության որեւէ ապացույց բնության մեջ գոյություն չունի, իսկ հակառակի ապացույցները բավականին շատ են: Նման հանձնաժողովի աշխատանքին մասնակցելը ուղղակի անիմաստ գործ է»:

Զուրաբյանի հավաստմամբ` հանձնաժողովում ներգրավվելու հորդոր Համմարբերգի կողմից չի եղել. - «Եվ չէր էլ կարող լինել, որովհետեւ որեւէ լուրջ մարդ չի կարող առաջարկել մեզ` մասնակցել զավեշտին»:

«Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է Համմարբերգի տպավորությունը. արդյոք առաջընթաց կա՞ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման առումով, իր տեսանկյունից, թե՞ ոչ», - այս հարցին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ներկայացուցիչը պատասխանեց. - «Ես չեմ կարող բացահայտել զրույցի բոլոր մանրամասները, բայց մենք հուսով ենք, որ պարոն Համմարբերգը նույնքան անաչառությամբ, նույնքան փութաջանությամբ կպատրաստի զեկուցագրերը ե’ւ «Մարտի 1»-ի քննության վերաբերյալ, ե’ւ քաղբանտարկյալների վերաբերյալ, ինչքան որ իր նախկին զեկույցում, որը վերաբերում էր մարտի 1-ի դեպքերին: Ես պետք է նշեմ գոհունակությամբ, որ Համմարբերգի նախկին զեկույցը բացառիկ էր այն առումով, որ այն բավականին անաչառ կերպով ներկայացրել էր մարտի 1-ի դեպքերը»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG