Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման դեմ է Ռուսաստանին Մեծ ութնյակից հանելուն


Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահության թեկնածու, սենատոր Բարաք Օբաման CNN հեռուստակայանի երեկվա հարցազրույցում դեմ է արտահայտվել Ռուսաստանին Մեծ ութնյակից վտարելու գաղափարին, որի ջատագովն է նրա հանրապետական մրցակիցը` սենատոր Ջոն ՄըքՔեյնը: Օբամայի համոզմամբ` Ռուսաստանի հետ համագործակցությունն անհրաժեշտ է միջուկային զենքի չտարածումն ապահովելու համար:

Ջոն ՄըքՔեյնը տարբեր առիթներով պնդել է, որ Ռուսաստանին հարկ է վտարել Մեծ ութնյակից` որպես պատիժ քաղաքական ազատությունները երկրի ներսում ոտնահարելու համար:

«Դա սխալ կլինի. եթե մենք ցանկանում ենք երաշխավորել միջուկային զենքի չտարածումը, մենք պարտավոր ենք Ռուսաստանի հետ աշխատել: Հաշվի առնելով նախկին խորհրդային տարածքում չվերահսկվող միջուկային նյութերի քանակը, «երկաթե վարագույրից» այն կողմ գտնվող երկրների տեխնոլոգիաների մակարդակը՝ Ռուսաստանի հետ համագործակցությունն անհրաժեշտություն է դառնում», - «Ռոյթերզ» գործակալության վկայությամբ` ասել է Բարաք Օբաման:

Արդյունաբերական զարգացման առումով առավել հզոր երկրների խմբում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան եւ Ռուսաստանը. վերջինի` 1997 թվականին Մեծ յոթնյակին միանալուց հետո այն դարձավ ութնյակ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG