Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի պնդմամբ` հետընտրական իրադարձությունների հետաքննությունն իրականացվում է խախտումներով


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի` Վայոց Ձորի դատախազին տրված քննչական հանձնարարականը, որը անցած շաբաթ հրապարակել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ հանգել եզրակացության, որ հատուկ քննչական ծառայության պետը չէր կարող հանձնարարական տալ դատախազին:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ինչպես ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում ասաց օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ուսումնասիրել է փաստաթուղթն ու օրենքից բխող իր դիտարկումներն է ներկայացրել, որոնք ուղարկվելու են ինչպես Վայոց Ձորի դատախազին, այնպես էլ Հատուկ քննչական ծառայության պետին եւ այլ պատկան մարմիններին:

Խոսքը Անդրանիկ Միրզոյանի` մարտի 5-ին Վայոց Ձորի մարզի դատախազին հասցեագրած քննչական հանձնարարականի մասին է, որում, մասնավորապես, նշվում է, որ «անհրաժեշտություն է առաջացել Վայոց Ձորում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբների պետերին որպես վկա լրացուցիչ հարցաքննել, օրինակ, այսպիսի հարցադրումներով. - «Հանրահավաքների ժամանակ ինչ էին խոսում օտարերկրյա պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության մասին, հատկապես` որ երկրների… Արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին խոսում Հայաստանից Ռուսաստանի ներկայությունը հանելու օգտին… Հարցաքննել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի մարզի նախընտրական շտաբի պետերի հարեւաններին… Բնակության վայրերից վերցնել հանրահավաքներին մասնակցած անձանց, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Վայոց Ձորի նախընտրական շտաբի պետերի, նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր…»:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիտարկումների, հատուկ քննչական ծառայության պետը չէր կարող հանձնարարական տալ դատախազին: Անդրանիկ Միրզոյանի ստորագրությամբ մարզային դատախազին ուղղված փաստաթղթում հղում է արված քրեական օրենսգրքի այն հոդվածին, որտեղ նշված է, որ այլ վայրում քննչական գործողություններ կատարելու նպատակով քննիչն իրավունք ունի հանձնարարել տվյալ վայրի քննիչին, եւ ոչ թե դատախազին:

Մեր երկրի օրենսդրությամբ, ինչպես փաստարկում է օմբուդսենը, դատախազությունը «վերահսկում է քննչական մարմնի գործողությունները եւ ոչ թե կատարում նրա հանձնարարությունները»:

«Քննչական հանձնարարությունը չի կարող տրվել դատախազին: Հասցեատերը պետք է լինի բացառապես նախաքննության կամ հետաքննության մարմինը», - ասաց Արմեն Հարությունյանը: - «Բացի այդ, պետք է պարզել, թե Վայոց Ձորի դատախազը ինչպիսի գործողություններ է իրականացրել այդ հանձնարարության հիման վրա: Տրվե՞լ են արդյոք ցուցումներ ոստիկանությանը. եթե` այո, ապա դրանք անօրինական են, քանի որ նա տվյալ գործով հսկող դատախազ չէ»:

«Ավելին», - ընդգծեց մարդու իրավունքների պաշտպանը, - «եթե այդ հանձնարարականի հիման վրա քննչական եւ օպերատիվ գործողություններ են կատարվել, ապա դրանք կարող են կասկածի տակ դրվել: Ինչպես նաեւ` ձեռք բերված ապացույցների թույլատրելիականությունը»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է նաեւ հետընտրական շրջանում մի քանի մեղադրյալի կալանելու եւ նրանց կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումները: Ըստ այդմ` մեծ մասամբ դատարանը հիմնավորված է համարել նախաքննության մարմնի միջնորդությունը` առանց պաշտպանական կողմին լսելու:

«Զգալի թվով որոշումներում կրկնվում են նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունները, եւ հազվադեպ է [դատարանը] անդրադարձել պաշտպանական կողմի միջնորդության պատճառաբանությանը», - հավելեց Արմեն Հարությունյանը:

Դատարան ներկայացրած միջնորդություններում կոնկրետ նշված չեն եղել, թե ինչ հանցանք է կատարել տվյալ մեղադրյալը. - «Նկարագրել են ընդհանուր իրավիճակը` չմասնավորեցնելով անձի կոնկրետ գործողությունները»:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դատարաններն ընդհանրապես չեն անդրադարձել եւ քննարկել կալանքի փոխարեն այլ խափանման միջոց ընտրելու հարցը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG