Մատչելիության հղումներ

logo-print

Սերգեյ Լավրով. «Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու կարիք չկա»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ օրերս Իրանի փորձարկած հրթիռները վկայում են իրանական զինանոցի սահմանափակ կարողության մասին, ինչն է’լ ավելի հստակ է ընդգծում այն, որ Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային համակարգ տեղադրելու կարիք չկա:

«Փորձարկումը ցույց է տալիս, որ Իրանի հրթիռներն ունեն մինչեւ 2 հազար կիլոմետր գործողության շառավիղ, ինչն ապացուցում է մեր տեսակետը, որը վաղուց ենք պնդել. այս շառավղով հրթիռների մոնիտորինգի եւ ոչնչացման համար պետք չէ Եվրոպայում տեղադրել ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգը», - հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանը չի ընդունում ամերիկյան կողմի այն փաստարկը, թե համակարգն անհրաժեշտ է «վտարյալ» երկրներից, մասնավորապես, Իրանից բխող վտանգը չեզոքացնելու համար:

Ռուսաստանը սպառնացել է «ռազմատեխնիկական պատշաճ միջոցներ» ձեռնարկել, եթե Չեխիան վավերացնի իր տարածքում ամերիկյան ռադար տեղակայելու մասին օրերս ստորագրված չեխ-ամերիկյան պայմանագիրը:

Չեխիան արդեն դատապարտել է այդ հայտարարությունը եւ պարզաբանումներ է պահանջել ռուսական կողմից:

Ադրբեջանական Day.az ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում Հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովն ասել է, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչները՝ Չեխիայում ռադարը եւ Լեհաստանում տասը հրթիռների կայանքը տեղադրելու վերաբերյալ պաշտոնական Պրահայի եւ Վարշավայի համաձայնությունը բնավ անակնկալ չէր:

«Կարծում եմ, Գաբալայի ռադարի ռուս-ամերիկյան համատեղ շահագործման տարբերակն այս փուլում այլեւս հրատապ չէ», - ասել է Ալեքսեյ Վլասովը` հավելելով, որ հենց սկզբից ամերիկացիներն առանձնապես մեծ հետաքրքրություն այդ խնդրի առնչությամբ չեն դրսեւորել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG