Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը այսօր Կառավարության նիստերի դահլիճում գումարեց իր հինգերորդ կոնգրեսը, ընտրեց կուսակցության վարչությունն ու դրա նախագահին:

Ընդդիմադիր կուսակցության համաժողովի մասնակիցներին ողջունելու եկածների թվում էին վարչապետ Տիգրան Թորոսյանը, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, քաղաքակական այլ ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաների բուռն ընդունելությանն արժանացած Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խոսքում կարեկցանք հայտնեց «Ժառանգություն» կուսակցությանը, որը ստիպված է աշխատել «մեծամասամբ քրեական տարրերից կազմված խորհրդարանում»:

Նախկին նախագահը կարեկցեց նաեւ վարչապետին. - «Շատ ծանր ժառանգություն եք ստացել… Ձեր պարտքն է նախեւառաջ մաքրել Կառավարության ավգյան ախոռները»:

Վարչապետին բնորոշելով որպես «պրոֆեսիոնալ» եւ «լուրջ տնտեսագետ», որը «հասկանում է այս երկրի խնդիրները»` Տեր-Պետրոսյանը ասաց, որ Տիգրան Սարգսյանը «շատ անելիք» ունի կառավարության ներսում:

Տեր-Պետրոսյանը ելույթում անդրադարձավ իր շուրջը ձեւավորված նախընտրական դաշինքին` նշելով, որ այն պետք է «փոխի իր բովանդակությունը». ընտրություններն ավարտվել են, եւ իրենք մտածում են «լուրջ ու մնայուն քաղաքական գործոն ստեղծելու» մասին, որը «ժամանակավոր բնույթ չի կրելու», «իրավիճակային նպատակներ չի հետապնդելու», այլ «միավորելու է ողջ գիտակից հասարակությունը»:

Առաջին նախագահը «Ժառանգություն» կուսակցությունը բնորոշեց որպես «համաժողովրդական շարժման խոսափողը խորհրդարանում». - «Ես վստահ եմ, որ այսուհետեւ եւս «Ժառանգություն»-ը լինելու է շարժման առանցքային ուժերից մեկը եւ նոր ձեւավորվելիք Հայ ազգային կոնգրեսի հիմնասյուներից մեկը»:

Ավելի վաղ ունեցած իր ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը հնչեցրել էր համագործակցության առաջարկ «Ժառանգություն» կուսակցությանը. - «Ես չեմ եկել նշելու, որ կան հարցեր, որոնց շուրջ մենք ունենք տարբեր տեսակետներ: Ես այստեղ եկել եմ կամուրջներ կապելու... Առաջարկում են շեշտերը դնել ոչ թե մեզ բաժանող, այլ միավորող կետերի վրա: Համագործակցության դռները միշտ բաց են ձեր առջեւ»:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձավ մարտի 1-ի իրադարձություններին:

«Փաստորեն Ազատության հրապարակում կատարվեց անազատության օպերացիան եւ դրանից ածանցյալ սպանդը: Հայոց մայրաքաղաքում հայը հային դիմահար կրակով սպանեց` տասը անմեղ զոհ բերելով մեր երկրին` մի ամբողջ եղեռնի համարժեք: Եվ մինչ օրս ոչ մի կասկածյալ, հրահանգող, իրականացնող եւ ոչ էլ փաստեր, թե իբր ժողովրդի կողմից, քաղաքացիների կողմից կրակ է բացվել ոստիկանների վրա», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում ստեղծված ժամանակավոր հանձնաժողովը «բոլոր պաշտոնյաներին հրավիրելու հնարավորություն ունենա», այդ թվում` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Հայաստանի երեք նախագահներին, բայց հատկապես երկրորդին եւ նրա անվտանգության պետին եւ ծառայողներին, որ իրենք վկայություն տան», - ասաց Հովհաննիսյանը` շեշտելով, իր բնորոշմամբ, ամենակարեւորը: - «Արդյո՞ք հնարավոր է Ազգային ժողովում հասնել վստահելության մակարդակի, երբ Ազգային ժողովը ինքը մեղսակից է մարտի 1-ի եւ դրան հետեւող իրադարձությունների»:

Համագումարում ընդունված բանաձեւով պատվիրակները հայտարարում են, մասնավորապես, որ «մոտ ապագայում եւս կուսակցությունը մնալու է համակարգային բարեփոխումներին միտված եւ իր ողջ ներուժն այդ կարեւորագույն գործին ի սպաս դնող քաղաքական ուժ»:

Կուսակցության ուղեգծի առանցքային բաղադրիչներ են հռչակվում «մասնակցությունը պետական, քաղաքական բոլոր գործընթացներին», «մշտական եւ հետադարձ կապը ընտրողի, քաղաքացու հետ», «գործընկերությունը արտախորհրդարանական ընդդիմության հետ», «համագործակցությունը բոլոր դաշտերի քաղաքական ուժերի հետ` երկրի ազգային, պետական, ինչպես նաեւ հասարակության եւ քաղաքացիների շահերից բխող առողջ նախաձեռնութունների շուրջ», «միատեսակ չափանիշների կիրառումը քաղաքական բոլոր ուժերի հետ հարաբերություններում», «մշտական հրապարակայնությունը եւ թափանցիկ գործելաոճը ԶԼՄ-ների առջեւ», «գործակցությունը քաղաքացիական հասարակության այլ բաղադրիչների հետ, այդ թվում` հասարակական կազմակերպությունների հետ»:

Բանաձեւը նաեւ լիազորում է կուսակցության խորհրդին «2009 թվականին հունվարին իր ընդլայնված նիստում քննարկել Ազգային ժողովի աշխատանքներին «Ժառանգություն» խմբակցության հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը եւ այդ կապակցությամբ կայացնել որոշում»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG