Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգ. «Տեղեկանալու եմ մարտի 1-ի իրադարձությունների հետաքննման գործում առաջընթացի մասին»


Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը կիրակի օրը եռօրյա այցով ժամանում է Երեւան, գնահատելու է մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննման գործում ձեռք բերված առաջընթացը: Այդ մասին ասված է Եվրախորհրդի լրատվական ծառայության` այսօր տարածած հաղորդագրությունում:

«Հայաստանի վերաբերյալ իմ վերջին զեկույցում հորդորել էի համակողմանի հետաքննություն անցկացնել մարտի 1-ին տեղի ունեցածի շուրջ: Ուստի իմ այս այցելության նպատակն է՝ տեղեկանալ, թե ինչ առաջընթաց է արձանագրվել այս ուղղությամբ եւ ճշգրիտ տեղեկություններ հավաքել կալանավորվածների թվի եւ նրանց կարգավիճակի մասին», - ասել է Համմարբերգը:

«Իմ այս այցը մասն է Հայաստանի իշխանությունների հետ շարունակվող երկխոսության եւ հաջորդում է հոկտեմբերին եւ մարտին կատարած այցելություններիս», - փաստել է մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը:

«Ես նաեւ ծանոթ եմ Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին բանաձեւին եւ մտադիր եմ ապահովել միջազգային ներդրումը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրադրության բարելավման գործում»,֊ - հայտնել է նա:

Երեւանում Թոմաս Համմարբերգը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի եւ կառավարության ղեկավար անդամների, գլխավոր դատախազի, մարդու իրավունքների պաշտպանի, մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կայցելի կալանավայրերը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր հանդիպմանը, ապա շարժման խոսնակ Արման Մուսինյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. - «Հանդիպման առաջարկ ստացել ենք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG