Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը պատասխանում է Բարաք Օբամայի հարցերին


Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Իլինոյսը ներկայացնող սենատոր Բարաք Օբաման ստացել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Մարի Յովանովիչի գրավոր պատասխանները իր հղած հարցերին: Այդ մասին տեղեկացնում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը:

Դեսպանի հաստատման հարցով լսումները Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացել էին հունիսի 19-ին: Բացի բանավոր հարցերից, դիվանագետին ուղղվել էին նաեւ գրավոր հարցեր, այդ թվում` Բարաք Օբամայի կողմից:

«Մոտ 2 միլիոն հայեր են տեղահանվել Օսմանյան կայսրությունում 1915 - 23 թվականներին գործադրված Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ տեղահանվածներից մոտ 1.5 միլիոնը սպանվել են: Հրամայական է, որպեսզի մենք ճանաչենք հայ ժողովրդի դեմ իրականացված սարսափելի գործողությունները որպես ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության իրողությունը փաստաթղթերով հաստատված փաստ է, որի մասին վկայող բազմաթիվ պատմական ապացույցներ կան: Ես խորապես անհանգստացած էի, երբ երկու տարի առաջ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը պաշտոնանկ արվեց հայերի զանգվածային կոտորածը նկարագրելու համար «ցեղասպանություն» տերմինը գործածելուց հետո: Ես կոչ արեցի պետքարտուղար Ռայսին հանգամանորեն ուսումնասիրել Միացյալ Նահանգների գրաված, իմ կարծիքով, անհետեւողական դիրքորոշումը», - իր հարցերին անցնելուց առաջ գրել էր Բարաք Օբաման:

Սենատորի առաջին հարցին` «ինչպե՞ս եք դուք բնութագրում Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները», Մարի Յովանովիչը պատասխանել է. - «Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչում եւ սգում է Օսմանյան կայսրության վերջին շրջանում ավելի քան մեկեւկես միլիոն հայերին պատուհասած զանգվածային սպանությունները, էթնիկ զտումը եւ բռնի տեղահանությունը: Միացյալ Նահանգները այդ իրադարձությունները ճանաչում է որպես 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկը` Մեծ Եղեռն, ինչպես այն որակում են շատ հայեր: Այդ իսկ պատճառով, ամեն տարի ապրիլին` Հիշատակի օրը, նախագահը հարգում է զոհերի հիշատակը եւ հայ ժողովրդի հետ ամերիկացիների համերաշխությունն է արտահայտում: Որպես փախստականների զավակ` այլ ժամանակ եւ այլ վայրից, ես կիսում եմ հայ ժողովրդի վերապրած տառապանքները` ե’ւ այն ժամանակ, ե’ւ այսօր, երբ նրանք հիշում են իրենց պատմության այդ մռայլ էջը: Ես նաեւ սգում եմ այդքան կյանքերի կորուստը եւ հարգանքով եմ վերաբերվում ամերիկահայ համայնքի եւ հայ ժողովրդի ցանկությանը, որ իրենց ցավը եւ կորուստը ճանաչվի»:

«Հաստատվելու դեպքում, ի՞նչ գործողություններ եք դուք ձեռնարկելու` հիշատակելու Հայոց ցեղասպանության զոհերին», - հարցրել է Օբաման, ինչին ի պատասխան` Մարի Յովանովիչը գրել է. - «Հաստատվելու դեպքում, ես կշարունակեմ Երեւանում ամեն տարի ապրիլին անցկացվող հիշատակի պաշտոնական արարողություններին մասնակցելու ավանդույթը: Ես կբնութագրեմ այդ պատմական մեծ աղետը որպես Մեծ Եղեռն` տերմին, որը հաճախ օգտագործվում է Հայաստանում պատմության այդ մռայլ էջի հետ կապված: Հաստատվելու դեպքում, ես նաեւ առաջնայնություն կտայի Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների եւ կառավարությունների միջեւ փոխըմբռնմանը եւ հաշտեցմանը նպաստելուն: Կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները անի ամենը, ինչ կարող է, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունը խրախուսելու համար, եւ խրախուսելու հատկապես Թուրքիային` բաց կերպով ուսումնասիրելու այդ ժամանակվա սարսափելի իրադարձությունները: Դա ողբերգություն էր, որը մենք եւ աշխարհը երբեք չպետք է մոռանանք, որպեսզի այն երբեք այլեւս չկրկնվի»:

Այն հարցին ի պատասխան, թե «ի՞նչ քայլեր է ձեռնարկում Պետդեպարտամենտը` Թուրքիայում Հայոց ցեղասպանության ավելի լայն ուսումնասիրությանը եւ ճանաչմանը նպաստելու համար», դեսպանի թեկնածուն, մասնավորապես, պատասխանել է, որ Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը Թուրքիայի կառավարության հետ աշխատում է այն ուղիների շուրջ, որոնցով կարող են ուսումնասիրվել 1915-ի դեպքերը, եւ ամերիկյան վարչակազմը նախաձեռնում է ծրագրեր, որոնց նպատակն է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսության հաստատմանը:

Օբամայի վերջին` չորրորդ հարցը վերաբերում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածին, մասնավորապես, թե որքանո՞վ է Պետդեպարտամենտը բավարարված այդ հոդվածում վերջերս կատարված փոփոխություններով: Յովանովիչը պատասխանել է, որ թեեւ ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր, որպեսզի ազատ խոսքը սահմանափակող 301 հոդվածը առհասարակ հանվեր Քրեական օրենսգրքից, այնուհանդերձ, կատարված փոփոխություններով հնարավոր առավելագույն պատիժ է սահմանված 2 տարվա ազատազրկումը` նախկին 3-ի փոխարեն, եւ, «որ առավել կարեւոր է, պահանջում է, որպեսզի արդարադատության նախարարը որոշի` ընդունե՞լ արդյոք գործը դատաքննության»: «Վարչակազմը քաջալերել է Թուրքիայի իշխանություններին` շարունակել այդ առաջընթացը եւ վերջ տալ քաղաքացիների նկատմամբ իրենց հայացքներն արտահայտելու համար իրավական հետապնդումներին», - գրել է Մարի Յովանովիչը:

2006 թվականին դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելուց ի վեր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի լիազորությունները կատարում են ժամանակավոր հավատարմատարները:

Ամերիկահայ շրջանակների եւ ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների համոզմամբ` Էվանսը պաշտոնանկ է արվել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ճանաչելու համար:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բուշի վարչակազմի առաջադրած նախորդ թեկնածուի` Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում երկու անգամ արգելափակել էր դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, քանի որ Հոգլանդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մերժողական դիրքորոշում էր որդեգրել: Ի վերջո, վարչակազմը հետ կանչեց Հոգլանդի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG