Մատչելիության հղումներ

Աշխարհի տասը ամենաերիտասարդ առաջնորդները


Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») ամերիկյան հանդեսը հրապարակել է աշխարհի տասը ամենաերիտասարդ առաջնորդների ցուցակը, որում տեղ են գտել ԱՊՀ-ի երկու երկրների ղեկավարներ:

Հանդեսը նշում է, որ եթե Բարաք Օբաման աշնանն ընտրվի նախագահ, ապա նա կդառնա Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ ղեկավարներից մեկը, սակայն 1961 թվականին ծնված սեւամորթ դեմոկրատական գործիչը, միեւնույն է, տեղ չի գտնի այս ցուցակում:

Foreign Policy-ի փոխանցմամբ` մոլորակի ամենաերիտասարդ առաջնորդը Բութանի 28-ամյա թագավոր Ջիգմե Քհեսար Նամգիել Վանգչուկն է, ով ցանկանում է շարունակել հոր առաքելությունը եւ Բութանը միապետությունից վերածել ժողովրդավարության: Տարածքով Շվեյցարիայի չափ, 600 հազար բնակիչ ունեցող փոքր երկիրն արդեն ունի ընտրված խորհրդարան:

Բութանի թագավորին հաջորդում են Դոմինիկյան Հանրապետության 36-ամյա վարչապետ Ռուզվելտ Սքերիթը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 37-ամյա նախագահ Ջոզեֆ Կաբիլան՝ 2001-ին թիկնապահի կողմից սպանված նախագահ Լորեն Կաբիլայի որդին:

Երիտասարդ ղեկավարների ցուցակում 4-րդ տեղում Մակեդոնիայի 38-ամյա նախագահ Նիկոլա Գրուեւսկին է, 5-րդը՝ Նաուրուի 39-ամյա նախագահ Մարկուս Սթեֆենը, 6-րդը՝ Սվազիլենդի 40-ամյա թագավոր Մսվաթի երրորդը: Վերջինս թագադրվել է 18 տարեկանում, ունի 13 կին եւ 23 երեխա:

Foreign Policy հանդեսի հրապարակած ցանկում 7-րդ տեղում Վրաստանի նախագահ 41-ամյա Միխեիլ Սահակաշվիլին է, նրան հաջորդում են երկու 42-ամյա ղեկավարներ՝ Տոգոյի նախագահ Ֆաուրե Գնասինգբեն եւ Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւը. վերջինս Տոգոյի նախագահից մեկ ամիս առաջ է ծնվել:

Ամենաերիտասարդ ղեկավարների տասնյակը եզրափակում է մոլորակի ամենահզոր երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության 43-ամյա նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG