Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. - «Եվ այսպես, ըստ Ռոբերտ Քոչարյանի, գործող նախագահն իր պաշտոնավարության 100 օրվա ընթացքում արդեն իսկ թույլ է տվել երկու սխալ՝ հրավիրել է Աբդուլա Գյուլին Երեւան՝ ֆուտբոլ նայելու եւ չի ազատազրկել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երբ Քոչարյանն ասում է՝ «երկիրը ես ղեկավարեի՝ Տեր-Պետրոսյանը նստած կլիներ», նա, ըստ ամենայնի, նկատի ունի՝ «ես լինեի՝ կհանձնարարեի գլխավոր դատախազին, որ նա քրեական գործ սարքեր»: Եվ այս հարցում մենք իրավունք չունենք չհավատալու երկրորդ նախագահին. նա իսկապես այդպես կաներ՝ անպայման կփորձեր վրեժ լուծել իր հասցեին հնչած ծանր մեղադրանքների համար… Ինչ մնում է Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելու խնդրին, ապա այստեղ ընդհանրապես դժվար է հասկանալ, թե որն է երկրորդ նախագահի դժգոհության պատճառը: Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են եվրոպական տարբեր երկրների եւ Գերմանիայի, ինչպես նաեւ նույն Թուրքիայի եւ Հունաստանի, Թուրքիայի եւ Բուլղարիայի ղեկավարները համատեղ դիտում իրենց մարզիկների ելույթները: Արդյո՞ք դա նշանակում է, որ այդ երկրները չունեն անցյալից եկող չլուծված խնդիրներ: Իհարկե՝ ունեն»:

«Չէ՞ որ Հայաստանի ոստիկանությունը եւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մարտի 1-ի բոլոր իրադարձությունները, այդ թվում` փողոցներում կատարվող իրադարձությունները, նկարահանել են: Ո՞ւր են այն տեսագրությունները, որոնք կապացուցեն, որ այս կամ այն քաղաքական գործիչը կամ ցուցարարը զանգվածային անկարգության մասնակից է եղել», - հարց է բարձրացնում «Հայկական ժամանակ»-ը` պատասխանելով. - «Այսօր արդեն անվիճելի է, որ նման տեսագրություններ պարզապես գոյություն չունեն: Ոչ թե այն պատճառով, որ իրավապահները թերացել են ու չեն նկարահանել, այլ` այն, որ ոչ մի քաղաքական գործիչ եւ ցուցարար այդպիսի գործողություններ չի կատարել: Իսկ տեսագրություններում երեւացող խանութ ջարդողները պարզապես անձեռնմխելի են»:

«Իրավունք»-ը գրում է. - «Բավականին ակնհայտ է, որ մարող հանրահավաքային ալիքով ոչ մի «նարնջագույն» հեղափոխություն էլ չի ստացվի: Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ ունի ընդամենը Հայ ազգային կոնգրես կոչվող կուսակցություն ստեղծելու, իսկ ավելի ճիշտ` ՀՀՇ-ն եվրառեմոնտի ենթարկելու պարզ խնդիր, որի միջոցով պիտի մղի սովորական քաղաքական պայքար սովորական հերթական ընտրությունների ժամանակ… Կարճ ասած, տեսանելի ժամանակահատվածում Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է հաջողություն ակնկալել միայն մի դեպքում` եթե տեղի ունենա ինչ-ինչ ֆորսմաժորային իրադարձություն»:

Ռամկավար-ազատական կուսակցությանը միացած «Դաշինք»-ի քաղխորհրդի անդամ Գնել Ղլեչյանը «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ձեւավորվելիք կոնգրեսը պետք է լինի կենտրոնամետ ուժ։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ իրենց հաջողվի ստեղծել այդ միավորը։ Համոզված եմ, որ փոքր ու պառակտված կուսակցություններով ապագա կերտել հնարավոր չէ… Ինձ համար ի սկզբանե անընդունելի ու անհասկանալի է, երբ մարքսիստը պաշտպանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ կոմունիստները՝ Սերժ Սարգսյանին։ Կոնգրեսում 15, թե 20 կուսակցություն կլինի, ինձ համար կարեւոր չէ։ Էականն այն է, որ նման միավորի ստեղծման պարագայում քաղաքական դաշտում տեղի ունենա առողջացման գործընթաց»։

«Հրապարակ»-ը փոխանցում է. - «Երեկ դատական համակարգում տոնական եռուզեռ էր` ՀՀ վճռաբեկ դատարանը նշում էր իր 10-ամյակը: Թվում է` ի՞նչ մի նշելու բան է. կոռուպցիայի մեջ թաղված համակարգը, որ հասարակության մեջ միայն բացասական համարում ունի, պիտի երես չունենար ինչ-որ բան նշելու: Չէ՞ որ հասարակության մեջ տիրող աղետալի վիճակի գլխավոր պատասխանատուներից մեկը հենց ինքն է… Գուցե արժեր 10-ամյակը նշել ա՞յլ կերպ. ասենք` համաժողով հրավիրվեր ու խոսվեր համակարգի հիվանդությունների մասին, խորհեին դրանց բուժման մասին, քննարկեին արդարադատության չկայացման պատճառները եւ փորձեին հասկանալ, թե ինչ է խանգարում իրենց: Թե չէ կերած-խմած դատավորների դասը հերթական տոնախմբությունն է կազմակերպել, իսկ երկրի նախագահն այցելել է նրանց շնորհավորելու, կարծես թե մեծ հաջողությունների են հասել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG