Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հասարակության ամենամեծ պահանջը արդարությունն է»


«Այսօր Հայաստանի հասարակության ամենամեծ դժգոհությունը դժգոհությունն է անարդարությունից, իսկ ամենամեծ պահանջը արդարությունն է: Այդ պահանջն առաջին հերթին պետք է բավարարվի դատարաններում», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը Վճռաբեկ դատարանի 10-ամյակի առթիվ այսօր կազմակերպված ընդունելության ժամանակ իր շնորհավորական խոսքում:

«Մեր երկրում վստահության մթնոլորտի ձեւավորման գործում վճռորոշ դեր ունեն դատարաններն ընդհանրապես եւ Վճռաբեկ դատարանը՝ մասնավորապես», - ընդգծել է նախագահը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նշելով, որ ոլորտում կան մեծաթիվ անելիքներ եւ լուծման ենթակա խնդիրներ, Սերժ Սարգսյանն ասել է. - «Առաջինը, որ ակնհայտ է ինձ համար, հանրային վստահության, իսկ ավելի ճիշտ՝ անվստահության հարցն է։ Հասարակական վստահության մակարդակի բարձրացումն ուղղակիորեն առնչվում է դատավորների իրական անկախության ձեռք բերման հետ, ինչը մեծապես կախված է ոչ միայն դատավորներից, այլեւ` հասարակությունից»:

«Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր դատարաններն ու դատավորները ձեռք բերեն իրական անկախություն: Անկախություն` ֆինանսապես, անկախություն` ազդեցիկ մարդկանցից, անկախություն` պաշտոնյաներից, բայց, միեւնույն ժամանակ, խստիվ հետեւելու եմ, որպեսզի այդ անկախությունն ի չարս չգործադրվի, որ դատավորներին ու դատարաններին չթվա, թե նրանք ընդհանրապես անկախ են, այդ թվում` նաեւ օրենքից», - վստահեցրել է նախագահը:

Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ Վճռաբեկ դատարանի որոշումների հիմնավորվածությունը եվրոպական դատական նախադեպերի շրջանակներում` հայտարարելով. - «Մեր արդարադատությունը պետք է իրականացվի եվրոպական չափորոշիչներին ու մոտեցումներին համահունչ։ Փաստ է, որ շատ դեպքերում Եվրոպական դատարանի մոտեցումները տարբերվում են ներպետական արդարադատության գործնական իրականացումից։ Այս տարբերությունը պետք է վերացվի»:

Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հասարակության որ տոկոսն է վստահում դատական համակարգին, ասաց. - «Եթե նույնիսկ հասարակության կեսը չի վստահում դատարաններին, նշանակում է, դա պրոբլեմ է»:

Դատական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղիներին վերաբերող հարցին Մանուկյանը պատասխանեց, որ արդեն առաջարկ է ներկայացվել երկրի նախագահին:

«Բայց դա ոչ պոպուլյար ծրագիր է», - շարունակեց Մանուկյանը` բացատրելով. - «Որովհետեւ կարեւորագույն էլեմենտներից մեկը դա դատավորների աշխատավարձի բարձրացումն է: Ընդ որում` ոչ թե մեկ անգամ, երկու անգամ, այլ էականորեն բարձրացումը: Միեւնույն ժամանակ` շատ խիստ վերահսկողություն սահմանել դատավորների նկատմամբ կոռուպցիոն դաշտի առումով, ինչը հնարավորություն կտար էականորեն իրավիճակը փոխել: Իսկ դատական համակարգում էականորեն իրավիճակը փոխելը կարող է ավտոմատ բերել պետական մյուս մարմիններում փոփոխության, որովհետեւ դատական վերահսկողությունը ապահովում է ինստիտուցիոնալ վերահսկողություն»:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG