Մատչելիության հղումներ

logo-print

Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կողմնակիցների հավաքն արգելվել է


Ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի կողմնակիցները դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ հուլիսի 17-ին Մանկական զբոսայգում հավաք անցկացնելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը մերժել է, վկայակոչելով Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության եզրակացությունները:

Քաղաքապետարանի պաշտոնական որոշման մեջ նշվում է, որ ըստ Ոստիկանության եզրակացության՝ «նախատեսված հավաքի ժամանակ մի շարք մասնակիցներ հրահրելու են բախումներ ոստիկանության ծառայողների հետ»:

Իր հերթին, Ազգային անվտանգության ծառայությունը կարծիք է հայտնել, թե «միջոցառման կազմակերպիչները պատրաստվում են կատարելու զանգվածային անկարգություններ, իշխանության ներկայացուցիչների հանդեպ սադրիչ եւ այլ հակաիրավական գործողություններ»:

Ինչպես այսօր լրագրողներին հայտնել է Ժիրայր Սեֆիլյանը, քաղաքապետարանը հավաքի կազմակերպիչներին որեւէ այլընտրանքային տարբերակ չի առաջարկել:

«Հայ կամավորների համախմբում» շարժման անդամ Արմեն Եղյանը փոխանցեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը իրեն նաեւ ասել է, թե «քաղաքում բացօդյա ձեզ որեւէ տեղ տրամադրելու որոշում» իրենք չենք կայացնի:

Սեֆիլյանը, այդուհանդերձ, հայտարարեց, որ փորձելու են մեկ այլ տեղ գտնել իրենց հավաքն անցկացնելու համար. - «Ժողովատիպի է լինելու մեր հավաքը: Մենք ուզում ենք զրուցել, քննարկումներ անցկացնել: Հանրահավաք չի: Կամ թամաշայի չենք ուզում վերածել: Դրա համար ուզում ենք մի տեղ գնտենք, որ նստեք-խոսենք մի քանի հարյուր հոգով»:

Խոսելով իր` ՀՀ քաղաքացիության հարցի վերաբերյալ, Սեֆիլյանը ասաց, որ դա կախված է «միայն նախագահ Սերժ Սարգսյանից», իսկ այդ որոշման ուշացումը, ըստ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի` «միայն վնասում է Հայաստանի իշխանություններին»:

«Քաղաքացիությունը ես վաստակել եմ Հայաստանում ապրելով», - եզրափակեց նա:


Ռուզաննա Ստեփանյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում` Ժիրայր Սեֆիլյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG