Մատչելիության հղումներ

Ադրբեջանում խանդով չեն վերաբերվում Հայաստանի վերջին նախաձեռնություններին


Ադրբեջանում խանդով չեն վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու` հայկական կողմի վերջին նախաձեռնություններին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

«Առանձնակի խանդ այս առումով Ադրբեջանում չկա: Այս հայտարարությունները այստեղ որպես քարոզչական քայլ են ընկալում», - նշեց նա:

Քաղաքագետի համոզմամբ` մոտ ապագայում Թուրքիան հազիվ թե բացի Հայաստանի հետ սահմանը:

«Անկարայի վրա դրսից այժմ նման ճնշում չկա», - իր տեսակետն այսպես բացատրեց Ռասիմ Մուսաբեկովը: - «Թուրքիային առայժմ ոչինչ չի ստիպում նման քայլի գնալ: Եթե հարցը ավելի կտրուկ դրված լիներ` ասենք, վաղը կամ մյուս օրը, կամ առաջիկա մեկ տարվա ընթացքում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը քննարկվեր եւ [սահմանի փակ լինելը] խանգարեր պաշտոնական Անկարային, այդ դեպքում թուրքական կողմի զիջումները ըմբռնումով կընկալեին նաեւ Ադրբեջանում: Սակայն քանի դեռ նման բան չկա, չկան քայլեր, որոնք ստիպեին Թուրքիային զիջումների գնալ. փոխարենը Հայաստանից որեւէ բան չստանալով` ինչո՞ւ պետք է Թուրքիան պատասխան քայլերի դիմի»:

Իսկ հարցին, թե արդյոք Հայաստանի կողմից զիջում չի՞ լինի պատմաբանների հայ - թուրքական հանձնաժողովի հնարավոր ստեղծումը, ադրբեջանցի քաղաքագետը հակադարձեց. - «Մենք տեսանք նաեւ, թե ինչպես վերադառնալով Մոսկվայից` Սերժ Սարգսյանը փաստորեն նահանջեց իր այդ տեսակետից: Տեսանք նաեւ հայ հանրությանը արձագանքը. կարծում եմ, որ Թուրքիայում էլ այս ամենին ուշիուշով հետեւում են»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG