Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Օրվա մամուլն այսօր տարածել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը Wall Street Journal-ում: Մամուլը նաեւ մեկնաբանություններով է անդրադառնում այս երկու հրապարակումներին` հիմնականում շեշտելով, թե հակասություններ են բացահայտվում Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ:

«Առավոտ»-ի խմբագիրը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի մեխն է համարում այն հատվածը, որ եթե ինքը ղեկավարեր երկիրը, «Տեր-Պետրոսյանն, ամենայն հավանականությամբ, արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար, եւ իհարկե, հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան՝ ֆուտբոլ դիտելու... Երբ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներն իրար «հանցագործ են հանում»՝ դա ոչ միայն տհաճ է, այլեւ, մեղմ ասած, չի նպաստում պետության ամրապնդմանը: Տեսականորեն շատ ճիշտ է ասում նաեւ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը իր երեկվա հարցազրույցում. «Միշտ հարմար է ծայրահեղականության թիրախ դարձնել պաշտոնից հեռացած նախագահին»: Բայց հետո ավելացնում է. «1998 թվականին ես այդպես չվարվեցի` անհարիր համարելով նման գործելաոճը»: Այստեղ երկրորդ նախագահը պարզապես անկեղծ չէ. 98-ից հետո նա հե’նց այդպես էլ վարվեց: Ճիշտ է, անձամբ Քոչարյանը մինչեւ 2007-ի աշունը առաջին նախագահին թիրախ չէր դարձրել, բայց փոխարենը 10 տարվա ընթացքում դա մեծ ավյունով արել են նրա վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները եւ նրան սատարող քաղաքական գործիչները, որը, ըստ էության, նույնն է»:

«Ռոբերտ Քոչարյանը խոսում է, որ եթե ինքը լիներ, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը կլիներ բանտում: Նա այդ առումով խոսում է 1998 թվականի իր սխալն ուղղելու մասին», - գրում է «Ժամանակ Երեւան»-ը` հարցնելով. - «Հետաքրքիր է` այդ ինչ սխալի մասին է խոսքը: Պետք է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանը նկատի ունի այն, որ պետք է դեռ 1998 թվականին բանտարկեր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հարց է առաջանում, թե ո՞ր հանցանքի համար: Եթե եղել է հանցանքը, բայց Տեր-Պետրոսյանը մնացել է ազատության մեջ, ապա Ռոբերտ Քոչարյանը կիսում է այդ ամենի պատասխանատվությունը եւ հանցագործությունը պարտակելու համար նա նույնպես պետք է հայտնվի ճաղերի հետեւում: Եվ դրանից բացի, Հայաստանի Սահմանադրությունը որեւէ մեկին դատապարտելու իրավասությունը ընձեռում է միայն անկախ դատական համակարգին, հետեւաբար եթե Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին չբանտելը համարում է իր սխալը, կնշանակի, որ նա ընդունում է, որ իրականում խախտել է Սահմանադրությունը եւ յուրացրել դատական համակարգի լիազորությունները: Դա նույնպես քրեորեն հետապնդելի արարք է»:

«Չորրորդ իշխանություն»-ը այսօր շարադրում է. - «Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե եթե ինքը շարունակեր ղեկավարել երկիրը, «Տեր-Պետրոսյանն ամենայն հավանականությամբ արդեն նստած կլիներ իր հանցավոր գործունեության համար» (փաստորեն, նա դժգոհում է, որ Սերժ Սարգսյանը չի «նստացնում» Լեւոն Տեր-Պետրոսյանին): Ու նաեւ ակնարկում է, որ անձամբ իրեն հասցեագրված ակնարկները կարող են դուր իշխանություններին»: Սրանով Ռոբերտ Քոչարյանը, համարյա բաց տեքստով Սերժ Սարգսյանին ասում է. - «Դու Տեր-Պետրոսյանին չես նստացնում, որովհետեւ քեզ դուր գալիս, որ նա ինձ հանցագործ է անվանում»… Ուշադիր կարդացեք նրա այս նախադասությունը. «Չեմ բացառում, որ ի դեմս ինձ` Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է տեսնել իր հիմնական քաղաքական մրցակցին ապագա քաղաքական մարտերում: Ի՞նչ «ապագա քաղաքական մարտերի» մասին է խոսքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե հաջորդ նախագահական ընտրությունները արտահերթ չլինեն, այլ տեղի ունենան 2013 թվականին, ինքը դրանց չի մասնակցելու: Հետեւաբար` Քոչարյանը խոսում է արտահերթ ընտրությունների մասին… Համաձայնվեց, այս ամենն ավելի շատ նախկին ամուսինների «ռազբորկա» է հիշեցնում: Քոչարյանը Սերժ Սարգսյանին պարզ ասում է. «Եթե որոշել ես մարտի 1-ի գործով ինձ «ժերտվա» տալ եւ դրանով քո հարցերը լուծել, չի ստացվի: Ես էլ կօգտվեմ Թուրքիայի հետ քո քիրվայությունից, ու արտահերթ նախագահական ընտրություններում ինքս կպայքարեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Այնպես որ, խելքդ գլուխդ հավաքի, ես եմ քեզ նախագահ դարձրել` ժողովրդի վրա կրակելու գնով»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով նույն հարցազրույցին, գրում է. - «Քոչարյանը հարցազրույցում փորձ է արել հիշեցնել այն մասին, որ իր օրոք Երեւանը ասֆալտապատվել է, փողոցները լուսավորվել են, լիքը խանութ-մանութ, կաֆե-մաֆե հայտնվել, էլիտար շենքեր են կառուցվել եւ այլն: Միեւնույն ժամանակ… նա որոշել է գիրք տպագրել այս ամենի մասին: Այլ կերպ ասած, շուտով մեր գրախանութներում թերեւս օգտակար ձեռնարկ էլեկտրիկների եւ ասֆալտ փռողների համար, որտեղ մանրամասն կբացատրվի, թե ինչպես կարելի է փողոցներ ասֆալտապատել ու լուսավորել պատերազմի ավարտից 10 տարի հետո, բայց այնտեղ չի լինի անգամ ակնարկ, թե ինչու չեն ասֆալտապատվել եւ լուսավորվել Ստեփանակերտի փողոցները, երբ Ղարաբաղը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG