Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը սկսեց քննել Գագիկ Ջհանգիրյանի հայցը


Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ, հետընտրական շրջանում կալանավորված եւ այժմ անազատության մեջ գտնվող Գագիկ Ջհանգիրյանը հայցով դիմել է վարչական դատարան` անվավեր ճանաչելու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը իրեն պաշտոնից ազատելու եւ դասային աստիճանից զրկելու մասին:

Ջհանգիրյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով, անցած փետրվարի 23-ին Հայաստանի նախագահը «Սահմանադրության եւ մի շարք օրենքների, ինչպես նաեւ եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների կոպիտ խախտումներով է արձակել երկու հրամանագրերը»:

Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերով Գագիկ Ջհանգիրյանը ազատվել էր Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկվել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Համապատասխան միջնորդությունները նախագահին ներկայացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` հիմնավորելով, թե Ջհանգիրյանը «կոպտորեն խախտել է» «Դատախազության մասին» օրենքի պահանջը, որով դատախազներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ: Նույն օրը ավելի վաղ Ջհանգիրյանը հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ ելույթ էր ունեցել առաջին նախագահի հանրահավաքում:

Նիստը վարչական դատարանում երեկ սկսվեց առանց պատասխանող կողմի, թեեւ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ուղարկել էր հայցադիմումում ներկայացված հիմնավորումների իրենց պարզաբանումներն ու պատասխանը` միջնորդելով գործը քննել իր բացակայությամբ:

«Շատ զավեշտալի պատասխան է հնչել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: - «Ըստ էության, նրանց պատասխանից բխում է, որ նախագահը ունի միապետի լիազորություններ, եւ չպետք է ղեկավարվի որեւէ օրենքով եւ որեւէ կարգով»:

Հովիկ Աբրահամյանի ստորագրությամբ ներկայացված պատասխանում, օրինակ, նշված է. - «Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորության իրականացումը գլխավոր դատախազի տեղակալին նշանակելիս կամ ազատելիս պայմանավորված չէ օրենսդրական որեւէ ակտով նախատեսված որեւէ պայմանի կամ ընթացակարգային սահմանված կարգի պահպանմամբ... Նախագահը, ղեկավարվելով Սահմանադրությամբ, իրավունք ունի ցանկացած ժամանակ գլխավոր դատախազի առաջարկությամբ ազատել եւ նշանակել նրա տեղակալներին: Այս իրավունքը Հանրապետության նախագահի բացառիկ լիազորություններից է»:

Ջհանգիրյանը նաեւ միջնորդել էր, որ դատարանը ցուցում տա քրեակատարողական հիմնարկին, որպեսզի ապահովեն իր ներկայությունը դատական նիստին: Դատավոր Ռուզան Հակոբյանը հրապարակեց միջնորդությունը, տեղեկացրեց, որ այն ստացել են չորեքշաբթի օրը, ուստի դատական նիստը հետաձգեց մինչեւ հուլիսի 30-ը:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG