Մատչելիության հղումներ

Ստեղծվել է «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտե»


«Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի», որի ստեղծման մասին այսօր հայտարարվեց Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում հրավիրված ասուլիսում, առաջնային նպատակը «քաղբանտարկյալներին ամեն կերպ աջակցելն է` ցուցաբերելով նրանց քաղաքական, իրավական եւ նյութական աջակցություն»:

Կոմիտեի անդամներից են իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ազատամարտիկներ, այլ գործիչներ ու անձինք:

Կարապետ Ռուբինյանը հայտարարեց, թե «բոլոր նրանք, ովքեր նույնպես համոզված են, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, կարող են իրենց նույնպես կոմիտեի անդամներ համարել»:

Վարդան Մալխասյանը իր ելույթում ասաց, թե այս պահին «Հայաստանում կա 82 քաղբանտարկյալ, որոնց մի մասը արդեն դատապարտվել է ազատազրկման»:

«82-ի մեջ մտնում են բոլոր այն մարդիկ, ովքեր այս պահին գտնվում են մեկուսարաններում` կա’մ դատապարտված, կա’մ նախաքննության փուլում», - «Ազատութուն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդան Մալխասյանը: - «Նրանց բոլորի անունները հայտնի են: Նրանք բոլորը ձերբակալվել են ընտրությունների հետ կապված, իրենց քաղաքական գործունեության կամ քաղաքական հայացքների համար»:

Նորաստեղծ կոմիտեն փորձելու է միջոցներ հայթայթել` «քաղբանտարկյալների ընտանիքներին օգնելու նպատակով»:

«Քաղբանտարկյալներից շատերը անազատության մեջ են արդեն գրեթե չորս ամիս, եւ նրանցից շատերի ընտանիքները հայտնվել են սոցիալապես վատ վիճակում», - ասաց Կարապետ Ռուբինյանը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG