Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան այցելեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:

Նա կարճ ելույթ ունեցավ, պատասխանեց մի քանի հարցերի` ռուս - ամերիկյան հարաբերությունների, Բելառուսի իրավիճակի, հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում Ուզբեկստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ:

Քոնդոլիզա Ռայսն ասաց, թե «ազատությունը կարող է ուշանալ, բայց ոչ երբեք մերժվել»:

Իր ելույթում նա բարձր գնահատեց «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքները պաշտպանելու համար: Նա հիշատակեց ռադիոկայանի լրագրողներին, որոնք հակամարտությունների թեժ կետերում զոհվել են իրենց մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ:

Մինչ «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայան այցելելը Քոնդոլիզա Ռայսը Չեխիայի իր գործընկերոջ` Կարել Շվարցենբերգի հետ ստորագրել էր Չեխիայի տարածքում ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգի ռադարային կայան կառուցելու պայմանագիրը:

Պրահայի կենտրոնում հարյուրավոր մարդիկ ցույց էին անում` բողոքելով պայմանագրի ստորագրման դեմ:

Քոնդոլիզա Ռայսն այսօր ժամանում է Վրաստան: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ Ազգային անվտանգության խորհրդի նիստում ասել է, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցը աջակցություն է Վրաստանի ժողովրդավարական ուղեգծին, աջակցություն է ներդումների խրախուսմանն ու հակամարտությունների լուծմանը:

«Այդ այցելությունը արտաքին քաղաքական լուրջ նշանակություն ունի եւ հանդիսանում է ծանրակշիռ աջակցություն մեր պետականության զարգացմանը», - հայտարարել է Վրաստանի նախագահը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG