Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանը ժամանակակից տեխնիկա է ցուցադրել


«Անցած շաբաթ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանը անսովոր անկեղծությամբ նոր ռազմական տեխնիկա է ցուցադրել, ինչը պետք է մտածելու առիթ տա հայկական կողմին», - գրում է Վաշինգտոնում լույս տեսնող Armenian Reporter թերթը:

«Նոր համակարգերի տվյալներն այնպիսին են, որ հայկական կողմի համար ավելի դժվար են դարձնում հաջողությամբ դրանց դիմակայելը», - կարծիք է հայտնում թերթի մեկնաբանը:

Նրա վկայությամբ՝ հունիսի 26-ին տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է SS-21 մակնիշի «երկիր - երկիր» բալիստիկ հրթիռների առնվազն երեք տարատեսակ: Կախված արդիականացման աստիճանից՝ այս հրթիռները ունակ են կրելու մոտ 500-կիլոգրամանոց մարտագլխիկներ, որոնք կարող են հասցվել 15-ից 120 կիլոմետր հեռավորության վրա, ընդ որում նշանակետից շեղումը կազմում է ընդամենը մի քանի մետրից մինչեւ 50 մետր:

Երեւանը գտնվում է Նախիջեւանի սահմանից 70 կիլոմետր, իսկ Ադրբեջանի Գեդաբեկի սահմանամերձ շրջանից՝ 100 կիլոմետր հեռավորության վրա, ինչը Հայաստանի մայրաքաղաքը խոցելի է դարձնում երկու ուղղություններից էլ:

«Միջազգային համաձայնագրերը պահանջում են, որ ցանկացած պետություն նման սպառազինության մասին պարտադիր տեղեկացնի համապատասխան միզազգային մարմիններին: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրը մինչեւ 2007 թվականի օգոստոսը նման զեկույց Ադրբեջանից չէր ստացել, ինչը նշանակում է, որ կամ Ադրբեջանը այդ արդիական զենքը բոլորովին վերջերս է ձեռք բերել, կամ պարզապես հարկ չի համարել տեղեկացնել դրա մասին», - գրում է թերթը:

Բաքվում Ուկրաինայի դեսպան Բորիս Կլիմչուկը հաստատել է, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրված զինատեսակների մեծ մասը ձեռք է բերվել Ուկրաինայից:

Armenian Reporter-ի վկայությամբ՝ զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են նաեւ ռուսաստանյան արտադրության «Սմերչ» տիպի բազմագլխիկ հրթիռներ, ինչպես նաեւ թուրքական եւ իսրայելյան արդադրության զինատեսակներ, մասնավորապես, լրտեսական ինքնաթիռներ:

«Անցած շաբաթվա զորահանդեսը հստակ ուղերձ էր Հայաստանին եւ չի կարող ընկալվել զուտ որպես տոնակատարություն: Ցուցադրված սպառազինությունը եւ դրա ձեռքբերման եղանակը իրական արձագանք են ակնկալում թե' Հայաստանի զինված ուժերի կողմից, թե' արտաքին քաղաքականության բնագավառում», - եզրակացնում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG