Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի պետքարտուղարը Վրաստանին եւ Ռուսաստանին հորդորում է խուսափել սադրիչ գործողություններից


Այսօր Պրահա ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ վերջին շրջանում Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը նպաստել է լարվածության աճին, եւ երկու կողմերին հորդորել է խուսափել սադրիչ գործողություններից:

«Անկեղծ ասած, անցած երկու ամսում Ռուսաստանի որոշ քայլեր նպաստել են շրջանում լարվածությանը», - «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` ասել է Ռայսը:

Միացյալ Նահանգների պաշտոնյաները դատապարտել են Վրաստանի հանդեպ պաշտոնական Մոսկվայի այնպիսի քայլերը, ինչպիսին են Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ իրավական կապեր հաստատելու մտադրությունը եւ առանց Թբիլիսիի համաձայնության Աբխազիա լրացուցիչ զորք ուղարկելը:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Ռուսաստանը ֆինանսական աջակցություն է տրամադրում Աբխազիային եւ ադ շրջանում խաղաղապահներ ունի: Պաշտոնական Թբիլիսին պնդում է, որ Ռուսաստանը փորձում է զավթել Վրաստանի տարածքի անբաժանելի մասը:

«Վրաստանն անկախ պետություն է, ուստի պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի: Մենք ասել ենք, որ երկուսն էլ՝ Վրաստանն ու Ռուսաստանը, պարտավոր են խուսափել սադրիչ պահվածքից», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը Պրահայում:

Քոնդոլիզա Ռայսը վաղը մեկնելու է Վրաստան: Նա Պրահա է ժամանել Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի ստեղծման ծրագրով Չեխիայում ռադար տեղակայելու մասին պայմանագիրը ստորագրելու համար:

Վրացական «Ռուսթավի - 2» հեռուստակայանի փոխանցմամբ, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան միջազգային հանրությանը կոչ է արել համոզել Ռուսաստանին` փոխել Վրաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG