Մատչելիության հղումներ

logo-print
«Որեւէ պատճառ չկա, պարզապես որոշել եմ օգտվել այդ իրավունքից», - ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանին իր հղած դիմումը:

Օմբուդսմենը հուլիսի 4-ին է դիմել Ազգային անվտանգության ծառայության պետին` իր եւ ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու համար: «Խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ եւ իմ ընտանիքի անդամների անհատական պահպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով եւ երկու ավտոտրանսպորտային միջոցով», - ասված է, մասնավորապես, նրա նամակում:

Երեկ երեկոյան դեռեւս արձագանք չկար, սակայն, ամենայն հավանականությամբ, պահպանությունը կապահովվի, քանի որ դա պահանջում է Սահմանադրությունը եւ դրանից բխող` մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը:

Երկու տարուց ավելի է, ինչ Արմեն Հարությունյանին Ազգային ժողովն ընտրել է մարդու իրավունքների պաշտպան, սակայն նա երբեւէ չէր փորձել օգտվել այդ ծառայությունից:

«Կարելի՞ է ենթադրել, որ եթե փաստեր էլ նույնիսկ չունեք, մտավախություն արդեն իսկ ունեք մարտիմեկյան իրադարձությունների շուրջ այս բանավեճերից», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին օմբուդսմենը հակադարձեց. - «Ես ձեզ ենթադրելու իրավունքից չեմ կարող զրկել, բայց որեւէ պատճառ չկա, պարզապես որոշել եմ օգտվել այդ իրավունքից: Օրենքի պահանջ է. օրենքի պահանջը բավարար հիմք է, որպեսզի ես էլ մտածեմ, որ դիմեմ, որպեսզի այդ պահանջը ի կատար ածվի»:

Նրա հավաստմամբ` իր ընտանիքի անդամները եւս չունեն անվտանգության հետ կապված մտավախություններ:

Մարդու իրավունքների պաշտպանը ժխտեց նաեւ, թե իր այս քայլը կարող է յուրօրինակ արձագանք լինել կառավարության նախաձեռնությանը, որով առաջարկվում է օմբուդսմենի աշխատակազմի անդամներին օրենքով զրկել անձեռնմխելիությունից:

Օմբուդսմենի խոսնակ Գրիգորի Գրիգորյանցը եւս վստահեցրեց, որ որեւէ սպառնալիք կամ այլ միջադեպ չի եղել, այդպիսի մտավախություն էլ չկա, պարզապես օրենքով ընձեռված հնարավորությունն է օգտագործվում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG