Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյան. «Արտահերթ ընտրությունները կարող են պարպել ստեղծված լարվածությունը»


Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է, որ երկրում ստեղծված լարվածությունը պարպել կարող են «արտահերթ ընտրությունները», քանի որ «այլ եղանակով իշխանություններին չհաջողվեց բեկում մտցնել»:

«Ժառանգություն»-ը, մինչդեռ, ըստ Հովհաննիսյանի` «բազմիցս փորձել է երկխոսության հարթակ ստեղծել, եւ` անարդյունք առաջարկներ էին դրանք». - «Դրանք եղել են բազմապիսի, բազմավեկտոր… Եվ, ցավոք սրտի, մենք շարունակում ենք յուրաքանչյուրը իր ամբիոնի մոտ մենախոսել»:

Հովհաննիսյանի համոզմամբ` պետք էր «համահասարակական բեկում»: Ու թեեւ այսօր չի երեւում դրա հավանականությունը, «Ժառանգության» առաջնորդը հույսի չի կորցել. - «Ես հույս եմ տածում, որ մինչեւ միջազգային հսկողության եւ պարտադրանքի հաջորդ ռաունդը Հայաստանի ներպետական դաշտը կկարողանա իր հարցերը լուծել միեւնույն սեղանի շուրջ»:

«Իսկ եթե դա չստացվի, ես, որ ընդհանրապես արտահերթ լուծումների ընդդիմախոս եմ, պետք է ես էլ միանամ այն տեսակետներին, որ չի կարելի հասնել նոր Հայաստանի կերտմանը, այս լիցքաթափմանը` առանց նոր ընտրությունների», - հավելեց նա:

«Ժառանգություն» կուսակցության հետագա քայլերի ու ծրագրերի մասին Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր չխոսեց, քանի որ «նման կարեւոր խնդիրներով որոշումները վերապահված են կուսակցության համագումարին», որը կայանալու է գալիք ուրբաթ օրը:

Անդրադառնալով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին մասնակցելուց իր հրաժարվելուն, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, թե «ներկա դրությամբ Հայաստանն ու Վեհաժողովը արժանի չեն իրար»:

«Մենք մտել ենք շատ վտանգավոր հորձանուտ, եւ այդ հորձանուտի առաջին ալիքներից երեւաց ահա ԵԽԽՎ-ի անցյալ նստաշրջանում… Հայաստանը [հայասանյան պատվիրակությունը] իր ամբողջ էներգիան` մտավոր, նյութական, դրամական, ներդրեց, որպեսզի ավելի ընդունելի լինի Հայաստանին վերաբերող բանաձեւը», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ինքը «այդ խաղին չի մասնակցել» եւ որոշել է բոյկոտել այդ նիստերը, քանի դեռ «Հայաստանը արժանի կեցվածքով չի ներկայանում Եվրոպային»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի հորդորին` վերադառնալ պատվիրակության կազմում աշխատանքին, Հովհաննիսյանը արձագանքեց, թե «Հարությունյանի հրավերը չէ, որ որոշելու է իմ վերադարձը. դա որոշելու է Հայաստանի ժողովրդավարության մակարդակը»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG