Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը ազատվել է պաշտոնից: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ոստիկանության լրատվական վարչությունից:

Ալվինա Զաքարյանը վարչության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 15 տարի շարունակ:

Աշխատանքից ազատելու պատճառները պաշտոնական աղբյուրները չեն նշում:

Այդուհանդերձ, հարկ է հիշեցնել, որ անցած ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչության աշխատանքը:

«Մենք ստանում ենք տասնյակ բողոքներ` ինչպես մեր քաղաքացիներից, այնպես էլ մեր հայրենակիցներից, որոնք գալիս են Հայաստան», - հունիսի 26-ին Կառավարության նիստի ժամանակ ասել էր Տիգրան Սարգսյանը: - «Ակնհայտորեն այս ոլորտում մենք ունենք լուրջ պրոբլեմ, դա` կաշառակերության պրոբլեմն է, երբ ծառայությունը մատուցվում է պետության անունից, բայց սակագներ են սահմանվում եւ մարդիկ գումար են շորթում: Այստեղ, կարծում եմ, ստեղծված է այնպիսի միջավայր, որը մենք պետք է չհանդուրժենք: Ես խնդրում եմ ոստիկանապետին` ներկայացնել առաջարկություններ, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնենք, որպեսզի կարճ ժամկետում այդտեղ որակապես բարելավենք այն ծառայությունները, որ մատուցում ենք մեր քաղաքացիներին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG