Մատչելիության հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսն այսօր մեկնում է Եվրոպա: Ռայսի ուղեւորության առաջին կանգառը Պրահայում է, որտեղ պետք է ստորագրվի Չեխիայի տարածքում ամերիկյան հակահռթիռային պաշտպանության համակարգի ռադարը տեղակայելու մասին համաձայնագիրը:

Ռադարի խնդիրն է գրանցել Եվրոպայից հարավ եւ արեւելք ձգվող շրջանի օդային տարածքում հրթիռների հնարավոր արձակումները եւ կառավարել Լեհաստանում տեղակայվելիք հրթիռները, որոնք պետք է ոչնչացնեն «վտարյալ» պետությունների, մասնավորապես, Իրանի տարածքից արձակված հրթիռները:

Ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ Ռայսը տեսականորեն կարող է կարճատեւ այցով մեկնել նաեւ Վարշավա այն դեպքում, եթե հակահրթիռային պաշտպանության համակարգի շուրջ լեհ-ամերիկյան բավական բարդ ընթացող բանակցությունները հաջողությամբ ավարտվեն:

Չորեքշաբթի օրը Կոնդոլիզա Ռայսը արդեն երկրորդ անգամ կայցելի Վրաստան: Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի ներկայիս պետքարտուղարը չի եղել: Առաջին անգամ Ռայսը Թբիլիսի է այցելել 2005 թվականի մայիսին` ուղեկցելով Վրաստան մեկնած նախագահ Ջորջ Բուշին:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, Կոնդոլիզա Ռայսի երկրորդ այցն արդեն պաշտոնական է:

Վերլուծաբանները Կոնդոլիզա Ռայսի հուլիսի 9-ի այցը Թբիլիսի գնահատում են որպես քաղաքական աջակցություն Վրաստանին, որի հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջին ժամանակաշրջանում հերթական անգամ սրվել են:

Վրաստանի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պետական պաշտոնյաների շփումները ակտիվացել են հատկապես անցած ամիսներին: Ստոկհոլմում Իրաքի խնդրին նվիրված միջազգային խորհրդաժողովի շրջանակներում մայիսի 29-ին հանդիպել են ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Վրաստանի արտգործնախարար Էկա Տղեշելաշվիլին:

Հունիսի 24-ին Բեռլինում գումարվել է Մերձավոր Արեւելքի քառյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն, ՄԱԿ) ժողովը, որին ներկա էր Կոնդոլիզա Ռայսը: 0գտվելով Բեռլինում գտնվելու առիթից, հաջորդ օրը՝ հունիսի 25-ին Միխեիլ Սաակաշվիլին զրուցել է պետքարտուղարի հետ: Եվ անմիջապես զրույցից հետո վրացական աղբյուրները հայտնել են, որ Ռայսը հուլիսի 9-ին կմեկնի Թբիլիսի:

Կոնդոլիզա Ռայսի եվրոպական ուղեւորության վերջին կանգառը Սոֆիան է, որտեղ նա կստանա Բուլղարիայի բարձրագույն պարգեւը՝ Առաջին աստիճանի «Ստարա Պլանինա» մեդալը, որին պետքարտուղարն արժանացել է Լիբիայում տարիներ շարունակ բանտում գտնվող բուլղարացի բուժաշխատողներին ազատ արձակելուն նպաստելու համար:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG