Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով այսօր վերսկսվող դատավարությունը կուղեկցվի դատարանի շենքի մոտ բողոքի ցույցով: Մի շարք կազմակերպություններ մտադիր են արդար դատավարության պահանջով կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Գոչունյանը հայտնեց նաեւ, որ սպանված խմբագրապետի գործին վերաբերող դատական նիստերը այսօրվանից հավանաբար պետք է բաց լինեն լրատվամիջոցների համար:

«Մինչեւ այս նիստը Հրանտ Դինքի ոճրագործի 18 տարին չէր լրացել, այդ պատճառով դատական նիստերը դռնփակ էին ընթանում: Այժմ 18 տարին արդեն լրացել է, հետեւաբար արդեն հնարավոր է նախ` նրա անունը ամբողջությամբ նշել, մինչ այժմ նիստում եւ լրատվամիջոցներում անունը նշվում էր «Օ.Ս», բացի այդ, ԶLՄ-ները պետք է որ հնարավորություն ունենան ազատ հետեւել դատավարությանը: Այսինքն դատական նիստերը այսուհետ պետք է դադարեն դռնփակ լինել», - նշեց Գոչունյանը:

2007 թվականի հունվարի 19-ին` երիտասարդ ազգյնական Օգուն Սամասթի կողմից սպանված Հրանտ Դինքի գործով դատարանի առջեւ է առնվազն 19 մարդ, հիմնականում` տրապիզոնցի ազգայնականներ: Ապրիլի 28-ին վերսկսված դատական նիստը հետաձգվել էր, երբ դատարանը լսել էր սպանության գործով 19 կասկածյալներից 3-ի վկայությունները: «Ժամանակ» թերթի խմբագրի փոխանցմամբ, այս երկու ամիսներին «գործի ընթացքը փոխող եւ ընդհանրապես գործի առնչությամբ լայն արձագանք ստացող բացահայտումներ չեն եղել». - «Այս պահի դրությամբ, կոնկրետ գործի ընթացքը փոխող նորություններ չկան: ԶLՄ-ները եւ բոլոր ՀԿ-ները, որոնք զբաղվում են էս գործով, տեղեկացնում են, որ մի տարի է դատավարությունը սկսված է,եւ այս մի տարում որեւէ լուրջ տեղաշարժ արձանագրված չէ: Գործընթացը բավական դանդաղ է ընթանում»:

Օրերս Անկարայում եւ Ստամբուլում ձերբակալվել են երկու տասնյակից ավելի մարդիկ` այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պաշտոնաթող զինվորականներ, ովքեր կասկածվում են մի շարք սպանություններ նախապատրաստելու մեջ:

Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կարող են լինել «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամներ, որը, ըստ ենթադրությունների, առնչություն ունի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի դեմ մահափորձին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG