Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը կանգնած է քաղաքական վարքագծի որդեգրման երկընտրանքի առջեւ», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի իր գլխավորած Համաժողովրդական շարժման հուլիսի 4-ի հանրահավաքում: - «Նա ունի երկու ճանապարհ, որոնցից մեկի ընտրությունը կախված է պետականության վերաբերյալ իր ունեցած հայեցակարգային մոտեցումներից»:

«Եթե ելակետը երկրի եւ ժողովրդի բարօրությունն ու պետական շահն է, ապա Սարգսյանը օր առաջ պարտավոր է վճռականորեն սահմանազատվել քոչարյանական ավազակապետությունից, անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բացահայտել եւ պատժել մարտի 1-ի ոճրագործության իրական պատասխանատուներին, կազմել տեխնոկրատներից կազմված պրոֆեսիոնալ կառավարություն, դադարեցնել ոստիկանական եւ հարկային տեռորը, վերացնել մենաշնորհային արտոնությունները, հարկային դաշտ բերել անխտիր բոլոր խոշոր գործարարներին, ապահովել դատարանների լիակատար անկախությունը, երաշխավորել խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, իրական քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, եւ այսպիսի դրական բագաժով հաստատել իր լեգիտիմությունը արտահերթ նախագահական ընտրություններում: Իսկ եթե ելակետը ապօրինաբար տիրացած անձնական իշխանության պահպանումն է, ապա Սերժ Սարգսյանը պետք է կտրականապես հրաժարվի կիսամիջոցներից, եւ, հետեւելով Սադամ Հուսեյնի ու Մուգաբեի օրինակին, երկրում հաստատի բացարձակ դիկտատուրա, այն է` դաժանորեն ճզմի այլախոհության եւ հասարակական դժգոհության ցանկացած դրսեւորում, բանտերը լցնի մեր ժողովրդի ամենաարժանի զավակներով եւ ազգային հարստության տնօրինումը վերջնականապես հանձնի քրեական աշխարհին», - ասաց Տեր-Պետրոսյանը:

Միաժամանակ, նրա խոսքերով, «տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանը, չունենալով հասարակական հենարան, փորձում է ընտրել երկրորդ ճանապարհը, ինչի վկայությունն են պաշտոնավարման սկզբնավորումից ի վեր նրա կատարած բոլոր քայլերը»:

Իր ելույթի սկզբում ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի տասնամյա նախագահական շրջանի գործունեության «սեղմ հաշվեկշիռը»` առաջին նախագահը ամփոփեց. - «Պատմությունը նրան հիշելու եւ բնութագրելու է ընդամենը մեկ նախադասությամբ, այն է. - «Ռոբերտ Քոչարյան անունով ոմն բռնազավթիչ, երկիցս ապօրինաբար տիրելով հանրապետության նախագահի աթոռին, իր գահակալությունը սկսեց եւ ավարտեց արյունահեղությամբ, Հայաստանը վերածեց ավազակապետության եւ ի չիք դարձրեց Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հնարավորությունը»:

Տեր-Պետրոսյանի խոսքերով, իր հաջորդին Քոչարյանը թողել է «մինչեւ վերջ կոռուպցիայի մեջ թաթախված, նեխած, փտած կառավարման համակարգ, իշխանության եւ տնտեսության բոլոր լծակներին տիրող քրեական օլիգարխիա, քաղաքականապես եւ տնտեսապես մեկուսացված պետություն, ճնշիչ, աղճատված, հուսալքող բարոյահոգեբանական մթնոլորտ, արտասահմանյան դրամական փոխանցումների հաշվին գոյատեւող ժողովուրդ, քաղբանտարկյալներով լի բանտեր ու մեկուսարաններ, ոստիկանական եւ հարկային տեռորի ենթարկվող քաղաքացիներ, իշխանությունների լեգիտիմությունը չհանդուրժող հասարակություն, տնտեսական զարգացման անմխիթար հեռանկար, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վտանգներով հղի բանաձեւ»:

«Ստանալով այսպիսի ծանր ժառանգություն, թվում էր, թե Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարության առաջին իսկ օրվանից պետք է կտրուկ քայլեր ձեռնարկեր ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ հասարակական դժգոհության ալիքը մեղմելու ուղղությամբ», - ասաց Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Քանի որ դա տեղի չի ունենում, մնում է ենթադրել, որ կամ Սերժ Սարգսյանը դեռեւս դրության տերը չէ, եւ երկիրը շարունակում է կառավարել Ռոբերտ Քոչարյանը, կամ էլ, լինելով իր նախորդի օրոք ստեղծված ավազակապետական համակարգի առանցքային դեմքերից մեկը, Սարգսյանն ի վիճակի չէ դուրս գալ այդ համակարգի փոխպարտավորիչ կապանքներից»:

«Մենք առաջիկայում որոշ չափով փոխելու ենք մեր մարտավարությունը, ձգտելով հուլիս ամսին հասնել հասարակության առավելագույն մոբիլիզացիայի», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` մանրամասնելով, որ շարժումն այդ ընթացքում գործելու է երկու ուղղությամբ. - «Առաջին, զանգվածային եւ ոչ զանգվածային միջոցառումների, երթերի, պիկետների, նստացույցերի, մարզային հանրահավաքների անցկացում, որի նպատակն է օգոստոսի 1-ի մեր հաջորդ համահանրապետական հանրահավաքի պատշաճ նախապատրաստումը: Եվ երկրորդ, հիմնարար եւ հետեւողական աշխատանք` որպես նախընտրական դաշինք ձեւավորված Համաժողովրդական շարժումը տեւական քաղաքական գործոնի վերածելու, այն է` Հայ ազգային կոնգրեսի ստեղծման գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ»:

Առաջին նախագահը ելույթն ամփոփեց իր ղեկավարած շարժման կողմից առաջադրվող պահանջների թվարկմամբ. - «Այսօրվանից շարժումը հանդես է գալիս հետեւյալ կտրուկ պահանջներով` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ դադարեցնել ընդդիմության եւ հասարակության դեմ ուղղված քաղաքական հաշվեհարդարը, կտրուկ միջոցներ ձեռնարկել Հատուկ քննչական ծառայության պետ Միրզոյանի ապօրինի շրջաբերական հրահանգով ողջ հանրապետությունով մեկ ծավալված քաղաքական հետապնդումները դադարեցնելու նպատակով, շուտափույթ կերպով բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն պատասխանատուներին, առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանին, անմիջապես պաշտոններից հեռացնել նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում չարաբաստիկ դեր խաղացած, ինչպես նաեւ իրենց գործունեության մեջ լիովին վարկաբեկված անձանց` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանին, նշված պահանջները չկատարելու եւ մանավանդ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը խափանելու դեպքում, օգոստոսի 1-ից սկսած շարժման գլխավոր կարգախոսը հայտարարել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը»:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG