Մատչելիության հղումներ

Կենտրոնի թաղապետը հերքում է իր կողմնակիցների առնչությունը Հյուսիսային պողոտայում տեղի ունեցածին


Երեւանի Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, երեկ երեկոյան այցելելով Հյուսիսային պողոտա, հերքեց նախօրեին այդտեղ տեղի ունեցած քաշքշուկին իր կողմնակիցների առնչությունը:

Բեգլարյանի մուտքը Հյուսիսային պողոտա այնտեղ հավաքված «քաղաքական զբոսանքի» մասնակիցները ընդունեցին բացականչություններով եւ «հեռացի’ր» վանկարկելով: Այդ պահին Հյուսիսային պողոտայում գտնվող` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակ Լեւոն Զուրաբյանը պողոտայի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկում առանձնազրույց ունեցավ թաղապետի հետ, ինչպես հետո ինքը պարզաբանեց` լարվածությունը մեղմելու նպատակով:

Զուրաբյանի հետ զրույցից հետո Բեգլարյանը լրագրողներին հայտնեց. - «Իմ գալու նպատակը «Հայք» եւ «Հայկական ժամանակ» թերթերի սխալ, ոչ ճշգրիտ գրելու հետեւանքն է: Ես զանգել եմ խմբագիրներին, ասացին` այստեղ մարդիկ կան, որ այդ բանը կարող են հաստատել, ժամադրվել եմ իրենց հետ այստեղ, եկել եմ, որ տեսնեմ` ո՞ւմ են ցույց տալիս, որ այդ բանը կարող են հաստատել: Հակառակ դեպքում` սադրիչ գործողությունները արել են մարդիկ, որոնք իմ անունը տան»:

Կենտրոնի թաղապետի պնդմամբ` Հյուսիսային պողոտայում իրականացված ծեծին չեն մասնակցել ոչ միայն իր, այլեւ Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի կողմնակիցները. - «Մեր հարազատները, մեր մոտիկները այդ կարգի բաներ երբեք չեն անի: Ես կարող է տասը լիդերի չեմ սիրում այստեղ` տասը լիդեր, որոնք քաղաքական, չգիտեմ, տարբեր հայացքներով ինձ հակառակ մարդիկ են, բայց 99 տոկոս ժողովրդին ես սիրում եմ»:

Գագիկ Բեգլարյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. - «Սադրիչ գործողությունները, կոնկրետ ասեմ, ես այսօր կասկածում եմ, որ օպոզիցիայի միջից են մարդիկ արել` կոնկրետ հայտարարում եմ, որովհետեւ իշխանությանը շահեկան չէ Բեգլարյան Գագիկի անունը այսպես կապել այս սադրիչ գործողություններին»:

Լեւոն Զուրաբյանը չցանկացավ մեկնաբանել Կենտրոնի թաղապետի կասկածները եւ հայտարարեց, որ եթե իշխանությունները գոնե փոքր ցանկություն ունենան բացահայտել այդ գործը, ապա որեւէ խնդիր չեն ունենա. - «Այստեղ խաղեր պետք չէ խաղալ: Իշխանությունները ունեն ամբողջ ինֆորմացիան: Պարոն Բեգլարյանին պետք չէ որեւէ կասկածներ ունենալ, նա ընդամենը պետք է կարողանա իր սիրելի իշխանություններին համոզել, որ այդ իշխանությունները անցկացնեն օբյեկտիվ հետաքննություն»:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով` եթե Գագիկ Բեգլարյանը շահագրգռված է, որ իր համայնքում նման բաներ չլինեն, ապա նա պետք է դատապարտեր կատարվածը:

Չորեքշաբթի երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի առիթով Կենտրոնի ոստիկանության համապատասխան բաժանմունքը նյութեր է պատրաստում:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG