Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը սատարում է Վրաստանին


ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը անհանգստացած է Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի գործողություններով եւ կոչ է անում վերջ տալ Վրաստանի ինքնիշխանությանը սպառնացող քաղաքականությանը: Այդ մասին ասված է Վեհաժողովի` երեկ Աստանայում ավարտված նստաշրջանում ընդունված բանաձեւում:

Համաձայն փաստաթղթի` Վրաստանի անջատողական տարածաշրջաններում իրավիճակը հատկապես ապակայունացել է այն պահից, երբ Ռուսաստանի կառավարությունն ընդունեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի փաստացի իշխանությունների հետ հարաբերությունները սերտացնելու որոշում եւ սկսեց լրացուցիչ զորամիավորումներ տեղակայել Աբխազիայում:

Մտահոգություն հայտնելով Աբխազիայի տարածք զորամիավորումներ մտցնելու` Ռուսաստանի միակողմանի որոշման կապակցությամբ, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը զգուշացնում է, որ նման քաղաքականությունը կարող է է'լ ավելի սրել պայթյունավտանգ իրավիճակը եւ հանգեցնել բախումների:

Վերջին օրերին Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղի ունեցող պայթյունների եւ հարձակումների մեջ վրաց պաշտոնյաները տեսնում են Ռուսաստանի միջամտությունը:

Կիրակի եւ երկուշաբթի օրերին Գագրայում եւ Սուխումիում տեղի ունեցած պայթյուններից 12 մարդ է վիրավորվել: Երեկ Հարավային Օսիայի Ցխինվալիի շրջանում պայթեցվել է տարածաշրջանի վրացական վարչակազմի ղեկավար Դմիտրի Սանակոեւի ավտոմեքենան, իսկ մեկ այլ բնակավայրում պայթյունից զոհվել է ոստիկանության տեղական կառույցի ղեկավարը:

Աբխազներն ու օսերը տեղի ունեցածը վերագրում են վրացական հատուկ ծառայություններին, մինչդեռ վրացական կողմը հայտարարում է, թե դրանք Ռուսաստանի աջակցությունից օգտվող քրեական տարրերի հաշվեհարդարներ են:

«Վաղուց է հայտնի, որ քրեական տարրերը Ռուսաստանից հրահանգ են ստացել անջատողական տարածաշրջաններում սրել իրավիճակը եւ լարվածությունը աստիճանաբար տարածել Վրաստանի մյուս շրջաններ», - երեկ հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շոթա Մալաշխիան` հավելելով, թե Ռուսաստանը այս մեթոդներով ցանկանում է միջազգային հանրության առջեւ արդարացնել Աբխազիայում ռուս խաղաղապահների ներկայությունը:

Վրացական խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Իրինա Սարիշվիլին էլ տեղի ունեցածը որակել է «ծրագրված սցենար», որով Վրաստանն աստիճանաբար կորցնելու է Աբխազիան:

Ռուսաստանը անհեթեթ է որակում նման ենթադրությունները, իսկ ռուսաստանցի պաշտոնյաները, մասնավորապես, Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը, խորհուրդ են տալիս անտեսել ԵԱՀԿ-ի ԽՎ-ի բանաձեւը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG