Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` շահագրգիռ քննարկում է ծավալվել համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացման կոնկրետ խնդիրների վերաբերյալ: Երկրի նախագահը լսել է այս առնչությամբ կառույցի ղեկավարների տեսակետներն ու մտահոգությունները:

«Մեր օրերում աշխարհը արագ է փոխվում, փոխվում են նաեւ վտանգները` իրենց ձեւով ու բովանդակությամբ: Այսօր մենք ապրում ենք նոր վտանգներով լի իրականության մեջ: Մի բան է, սակայն, ընկալել այդ իրականությունն, այլ բան, հասկանալ, թե որքանով ենք մենք պատրաստ պատշաճ արձագանքելու այդ իրականության մարտահրավերներին», - ասել է, մասնավորապես, Սերժ Սարգսյանը:

«Եկեք անկեղծ լինենք եւ ասենք, որ ժամանակի պահանջներին համապատասխանելու համար մենք դեռ բավական ճանապարհ ունենք անցնելու: Եվ ես պնդում եմ, որ անվտանգության ներկա խնդիրները մեզ առավել սթափ եւ զգոն լինելու, նոր մոտեցումների ու աշխատաոճի են մղում: Իսկ ձեռքբերումներով ես հակված չեմ բավարարված լինել», - նշել է նախագահը` հավելելով. - «Մի՞թե մենք կարող ենք բավարարված լինել մեր անվտանգության մակարդակով, երբ ադրբեջանական դիպուկահարի գնդակից կարող է զոհվել մեր խաղաղ գյուղացին եւ ոչ միայն կարող է, այլեւ` զոհվում է, եւ այս փաստը մեկ անգամ չէ, որ մենք արձանագրել ենք: Կարո՞ղ ենք արդյոք մենք գոհ լինել մեր անվտանգության մակարդակից, երբ հնարավոր է հասարակության մի հատվածի մեջ այնքան ատելություն սերմանել, այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել, որ երկրում տեղի ունենան զանգվածային անկարգություններ, որոնք բերեցին մարդկային զոհերի, ցավալի զոհերի: Իհարկե, չենք կարող: Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել մեր անվտանգության վիճակից, երբ կան մեր բնակավայրերի որոշ մասեր, որտեղ բնակչության տեղեկատվություն ստանալու աղբյուրն ադրբեջանական հեռուստատեսությունն է: Իհարկե՛, չենք կարող: Կարո՞ղ ենք արդյոք գոհ լինել մեր այսօրվա անվտանգության մակարդակից, երբ մեր հարեւան հանրապետությունում գլուխ է բարձրացնում ռասիզմը, երբ հայատյացությունը դառնում է որպես գաղափարախոսություն»:

Նախագահը մատնանշել է ազգային անվտանգության մարմինների առջեւ ծառացած մի շարք խնդիրներ, հատկապես կարեւորելով տեղեկատվական անվտանգության ապահովման, տնտեսական հանցագործությունների, կոռուպցիայի դեմ պայքարում դրանց դերը:

Կոռուպցիայի դեմ պայքարը, նրա համոզմամբ, մի խնդիր է, «որով ամեն օր, ամեն ժամ պետք է զբաղվեն ազգային անվտանգության մարմինները». - «Իհարկե, այն միայն ձեր խնդիրը չէ, բայց այս գործում դուք պետք է լինեք առաջամարտիկը: Ինձ համար տարօրինակ է ձեր պասիվությունն այս բնագավառում: Սա մեր երկրի առաջընթացին սպառնացող ամենամեծ վտանգն է, մեր ճանապարհի ամենամեծ խոչընդոտը: Վստահ եմ, որ դուք ակտիվացնելու եք ձեր աշխատանքն այս ուղղությամբ: Այս խնդրի նկատմամբ ես մշտապես լինելու եմ պահանջկոտ, եւ պահանջելու եմ, առաջին հերթին, ազգային անվտանգության մարմիններից: Եթե մենք առավոտից երեկո խոսելու ենք կաշառակերության ու կոռուպցիայի մասին, եւ մատնացույց չենք անելու մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են, ապա մեր արածը ոչ միայն զրոյական արդյունք է բերելու, այլ նաեւ` էլ ավելի է վատթարացնելու վիճակը»:

«Մենք շատ գործ ունենք անելու: Լու՛րջ գործ ունենք անելու: Եվ այդ գործունեության կիզակետում Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու, մեր պետականության ու աշխարհի որեւէ անկյունում գտնվող հայ մարդու անվտանգությունն է: Անվտանգությունն է` բառի ամենալայն իմաստով», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա խոստացել է, որ ազգային անվտանգության մարմինները անընդհատ ուշադրության կենտրոնում են լինելու. - «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ամրապնդենք համակարգի սոցիալական եւ իրավական պաշտպանվածության երաշխիքները, փոխարենը` պահանջելու ենք քրտնաջան եւ սկզբունքային աշխատանք»:


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG