Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Կոռուպցիայի բունը հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտն է»


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի համոզմամբ, կոռուպցիայի «բունը» Հայաստանում հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտն է, որտեղ «թաքնված են բոլոր գաղտնիքները»:

«Կոռուպցիայի բունը, որտեղից մենք պետք է սկսենք, որպեսզի ունենանք հաջողություններ, դա հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտն է: Այստեղ են բոլոր գաղտնիքները թաքցված: Ե’վ դեմոկրատական հասարակության կառուցման գաղտնիքը, ազնիվ եւ արդար ընտրություններ կազմակերպելու կարողությունը, ազատ մրցակցության խնդիրները, նորմալ բիզնես միջավայրի ձեւավորման խնդիրը… Կոռուպցիոն բոլոր հիմքերը, կոռուպցիան սնուցող բոլոր հիմքերը հենց հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտում են գտնվում, եւ սա շատ խորքային խնդիր է», - այսօր Երեւանում կայացած առաջին Հակակոռուպցիոն համաժողովի ընթացքում լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետը` հավելելով. - «Դրա համար մենք թիրախավորել ենք այս երկու ոլորտները եւ համոզված ենք, որ եթե այս երկու ոլորտներում մոտակա 2-3 տարիների ընթացքում ունենանք որակական բարելավումներ, ապա մենք կարող ենք վստահ լինել, որ հինգ տարի հետո ապրելու ենք որակապես այլ հասարակությունում»:

Համաժողովին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պետական գործակալություններ, միջազգային կազմակերպություններ, մասնավոր սեկտորի եւ մամուլի ներկայացուցիչներ:

«ԱՄՆ կառավարությունը ճանաչում է այն կարեւոր քայլերը, որոնք կատարել է ՀՀ կառավարությունը տարբեր կարեւոր միջազգային պարտավորություններ ստանձնելով: Այսօրվա համաժողովը կառավարությանը` մասնավոր սեկտորին եւ քաղաքացիական հասարակությանը ասպարեզ է տրամադրում` կոռուպցիայի դեմ համատեղ պայքարելու համար», - իր ելույթում ասաց Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:

Հայաստանի վարչապետը իր խոսքում ասաց, որ հակակոռուպցիոն ծրագրի առաջին փուլը կատարված է, ինչը ենթադրում է համապատասխան օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտի ձեւավորում: Երկրորդ փուլը, ըստ Տիգրան Սարգսյանի, ավելի բարդ ու ավելի կարեւոր է, քանի որ ենթադրում է այդ օրենսդրության կիրառումը:

Նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է ներգրավվեն բոլորը, վարչապետը կոչ արեց նաեւ ընդդիմությանը մասնակցել այդ պայքարին. - «Մեզ համար չափազանց կարեւոր է, որպեսզի այդ ծրագրի մշակմանը, իրականացմանը եւ վերահսկողությանը մասնակցեն հանրության լայն շերտեր` հասարակական կազմակերպություններ, ընդդիմության ներկայացուցիչներ… Այս ճանապարհն է, որ հնարավորություն կտա հնարավորին չափ կարճ ժամկետում վայելել հասարակության վստահությունը եւ ցույց տալ ռեալ արդյունքներ»:

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման ծրագրի Հակակոռուպցիոն գործունեության մոբիլիզացման ծրագրի (MAAC) եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպված համաժողովը քննարկումների ասպարեզ ծառայեց հետաքրքրված կողմերի եւ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի միջեւ միջազգային պարտավորությունների ներկայիս վիճակի մասին, հատկապես Կառավարության կողմից մշակվող Հակակոռուպցիոն ռազմավարության առնչությամբ:


Շաքե Ավոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG