Մատչելիության հղումներ

Նավթի եւ պարենի գնաճը կարող է ծանր ճգնաժամ հրահրել


Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարներն ահազանգում են, որ մոլորակին սպառնում է պարենի ճգնաժամ, որը հատկապես ծանր հարված կհասցնի թշվառ երկրներին: Բողոքի ակցիաներ եւ անկարգություններ են տեղի ունենում Ասիայից մինչեւ Աֆրիկա:

Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը հաջորդ շաբաթ Ճապոնիայում հանդիպման պատրաստվող Մեծ ութնյակի լիդերներին կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել հնարավոր աղետի դեմն առնելու համար:

Նավթի գինը 2006 թվականին կրկնապատկվել է: Էապես աճել է կենսական նշանակության այնպիսի ապրանքատեսակների գինը, ինչպիսիք են բրինձն ու ցորենը:

«Աղքատ երկրները մի կերպ կարողանում էին ընտելանալ այդ իրողությանն այն ժամանակ, երբ գներն աստիճանաբար էին բարձրանում, բայց անցյալ տարեվերջին գների թռիչքաձեւ աճը նախաաղետային վիճակ է ստեղծել որոշ երկրներում», - ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Շտրաուս-Քանը եւ հավելել. - «Եթե պարենի եւ նավթի գնաճը շարունակվի, ապա որոշ կառավարություններ կզրկվեն ժողովրդին կերակրելու եւ միաժամանակ տնտեսության կայունությունն ապահովելու հնարավորությունից»:

Շտրաուս-Քանի համոզմամբ, աղքատ երկրներին այս հարցում սատարելու համար անհրաժեշտ են միջազգային համայնքի համակարգված ջանքերը: «Խնդիրը երկու կարեւոր ռիսկերի նկատմամբ հավասարակշռված մոտեցում գտնելն է: Մի կողմից, հարկ է հոգալ առավել անապահով մարդկանց կարիքները, մյուս կողմից չվտանգել տնտեսությունը, չհրահրել ինֆլյացիա: Դա լուրջ մարտահրավեր է այդ երկրների համար, այստեղ է, որ մենք պետք է օգնենք նրանց», - ասել է Շտրաուս-Քանը:

Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելիքը «Նյու 3որք Թայմս»-ում հրապարակել է Մեծ ութնյակի լիդերներին հասցեագրած նամակ:

«Այն, ինչ տեսնում ենք հիմա, ոչ թե բնական աղետ է, այլ մարդու հրահրած աղետ: Ուստի, հենց մարդն էլ պարտավոր է շտկել վիճակը», - գրել է Համաշխարհային բանկի ղեկավարը:

Նրա համոզմամբ, գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ է ավելացնել ներդրումները, վերացնել պարենի արտահանման սահմանափակումները, վերանայել բիովառելիք ստեղծելու ծրագիրը, որը ենթադրում է վառելիքի արտադրության համար նախատեսված եգիպտացորենի եւ այլ կուլտուրաների սուբսիդավորում:

Արժույթի միջազգային հիմնադրամի քաղաքականության մշակման բաժնի փոխտնօրեն Մարք Փլանտը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Մեծ ութնյակի ղեկավարները պետք է լուծում գտնեն համաշխարհային առեւտրի ազատականացման ձգձգված խնդրին:

«Հիմնադրամը համոզված է, որ հարկ է որքան հնարավոր է արագ ավարտել առեւտրի ազատականացման Դոհայի բանակցությունները: Դա կնպաստի գյուղատնտեսական շուկայի աշխատանքին», - ասել է Փլանթը:

Պարենի եւ վառելիքի ճգնաժամն ընդգրկված է Ճապոնիայում կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովի օրակարգում: Ճապոնիայի արտգործնախարարությունը հաղորդել է, որ 8 լիդերները, հավանաբար, աշխարհի կառավարություններին կհորդորեն պահեստներում կուտակած պարենը հանել համաշխարհային շուկաներ:

«Նյու 3որք Թայմս»-ում հրապարակած նամակում Համաշխարհաին բանկի ղեկավար Զելիքը գրել է, որ «այս վիճակը համաշխարհային տնտեսության համար իսկական քննություն է, որը ձախողելու իրավունք չունենք»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG