Մատչելիության հղումներ

Անցած գիշեր Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում ընդդիմադիրների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 5, վիրավորվել` ավելի քան 300 մարդ, այդ թվում` մի քանի տասնյակ ոստիկաններ:

Շուրջ 700 ցուցարար ձերբակալվել է: Մայրաքաղաքում 4 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, դադարեցված է բոլոր լրատվամիջոցների աշխատանքը` բացի հանրայինից:

Երեկ հրապարակվել են կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց, հաղթել է իշխող Ժողովրդական հեղափոխական կուսակցությունը` ստանալով խորհրդարանի 76 տեղերից առնվազն 45-ը, իսկ ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցությանը բաժին հասած մանդատների թիվը մոտ երկու անգամ պակաս է: Ընդդիմությունը անմիջապես դուրս է եկել բողոքի ցույցի` պնդելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված են, եւ պահանջելով վերանայել դրանք:

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` խաղաղ ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների, երբ ընդդիմադիրները հրկիզել են իշխող կուսակցության գրասենյակը, ազգային պատկերասրահի եւ մի քանի պետական հաստատությունների շենքեր: Ցույցը ցրելու համար, համաձայն նույն աղբյուրների, ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ, իսկ ցուցարարները իրավապահների ուղղությամբ քարեր եւ փայտեր են նետել:

Մոնղոլիայի նախագահ Նամբարին Էնխբայարը խոստովանել է ,որ ընտրություններում խախտումներ եղել են, եւ ժողովրդին հանդարտության կոչ է արել:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG