Մատչելիության հղումներ

Արա Գոչունյան. «Ռուս - թուրքական բանակցությունների օրակարգում Հայաստանին վերաբերող խնդիրների ընդգրկումը եզակի երեւույթ է»


Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «եզակի երեւույթ» որակեց այն փաստը, որ Ռուսաստանի արտգործնախարարի Անկարա այցի առիթով «նման զգալի շեշտով բարձրաձայնվում է, որ ռուս - թուրքական բանակցությունների ընթացքում օրակարգի վրա պիտի գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի հեռանկարները»:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկարա է ժամանել երեկ: Այցի շրջանակներում` երկկողմ հարաբերություններից, Իրանի միջուկային ծրագրից զատ, նախատեսվում է քննարկել նաեւ հայ - թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրներ:

«Բնականաբար, այստեղ մի կարեւոր մանրամասնություն էլ կա` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որ վերջերս Մոսկվա պաշտոնական այց կատարեց, հայ - թուրքական հարաբերությունների տեսակետից իսկապես շատ ուշագրավ, այսպես կոչված` օրակարգ որոշող հայտարարություններով հանդես եկավ, այդ [Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրող պատմաբանների] հանձնաժողովի նկատմամբ իր դրական վերաբերմունքը արտահայտեց: Սերժ Սարգսյանի կողմից այդ հայտարարությունն էլ Մոսկվայում կատարված լինելով` Լավրովի Անկարա այցելության շեմին, կարեւոր նշանակություն ունեցավ», - կարծում է Արա Գոչունյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը թուրքական կողմի արձագանքին` «Ժամանակ»-ի խմբագիրը նշեց. - «Ի նկատի ունենալով, որ հենց այդ համատեղ հանձնաժողովի ստեղծման գաղափարը հենց թուրքական կողմն է առաջադրում, ըստ երեւույթին, արդեն այդ ուղղությամբ պատրաստակամություն արտահայտելու առաջնահերթ հարցը թուրքական կողմին չի վերաբերում. գոնե Անկարայի հաշվարկներով` այդպես է երեւի»:

Արա Գոչունյանը դժվարացավ նաեւ կանխատեսել, թե արդյոք Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կգա՞ Երեւան` դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը. - «Այսօրվա դրությամբ դժվարանում եմ ասել, ի նկատի ունենալով, որ արտգործնախարարության բանբերը նշեց, որ երբ այդ հրավերը պաշտոնապես հասնի` կքննարկվի»:

Սերժ Սարգսյանը Մոսկվայում նաեւ մտադրություն էր հայտնել իր թուրք պաշտոնակցին հրավիրել Երեւան` միասին դիտելու երկու երկրների ազգային հավաքականների միջեւ սեպտեմբերին կայանալիք ֆուտբոլային խաղը:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG