Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երբ մեր հասարակության մի մասը դադարի ստել, թե «մարտի 1-ի» գործով ձերբակալվածները քրեական հանցագործներ են կամ (ավելի մեղմ տարբերակով)` «քննությունը ամեն ինչ կպարզի», իսկ մի մասն էլ դադարի փոքրոգություն դրսեւորել` «բողոքեմ-չբողոքեմ, միեւնույն է` ինչ ուզեն կանեն», ահա այդ ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինի»: «Մենք էլ պիտի հասկանանք. 21-րդ դարում քաղբանտարկյալներ ունենալը ամոթալի երեւույթ է հայերիս համար, անկախ նրանից` այդ քաղբանտարկյալները ՀՀՇ-ական են, դաշնակ են, թե հնչակ», - ընդգծում է թերթի գլխավոր խմբագիրը:

«Երեկ գլխավոր դատախազությունը հերթական անգամ մեծ շուքով նշեց Դատախազության աշխատողի օրն ու դատախազության հիմնադրման 90-ամյակը», - գրում է «Հրապարակ» թերթը` մանրամասնելով. - «Ամենաբարձր մակարդակով նշված այդ արարողության ժամանակ երկրի ղեկավարն ու դատախազության առաջին դեմքը պարգեւներ են շնորհել: Ինչ եք կարծում` ո՞ւմ: Ամենաարժանավորների՞ն: Ամենագրագետների՞ն: Ամենից շատ հանցագործություններ բացահայտածների՞ն: Ոչ` իշխանությանը ամենից շատ ծառայածներին: Պարգեւատրվածների թվում պատկառելի մեծամասնություն են կազմել մարտի 1-2-ի քրեական գործերի քննությանը ու դատավարություններին մասնակցած դատախազները, քննչական ծառայության աշխատակիցները… Ի՞նչ է սա նշանակում: Իշխանությունը, փոխանակ բացահայտի եւ պատժի մարտի 1-ի սպանդի մեղավորներին, պարզի 10 անձի սպանության իրական պատճառները, խրախուսում է ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացրած իրավապահներին»:

«Առավոտ»-ը գրում է. - «Երբ մեր հասարակության մի մասը դադարի ստել, թե «մարտի 1-ի» գործով ձերբակալվածները քրեական հանցագործներ են կամ (ավելի մեղմ տարբերակով)՝ «քննությունը ամեն ինչ կպարզի», իսկ մի մասն էլ դադարի փոքրոգություն դրսեւորել՝ «բողոքեմ-չբողոքեմ, միեւնույն է՝ ինչ ուզեն՝ կանեն», ահա այդ ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինի: Եթե քաղբանտարկյալների ազատությունը պահանջեն միայն Տեր-Պետրոսյանի համակիրները, ապա իշխանությունը միշտ էլ կարող է ասել՝ «Լեւոնի թայֆայի անդամները ուզում են, որ իրենց ընկերները բանտերից դուրս գան»: Եթե բոլոր նորմալ մարդիկ ընդունեն, որ այսօր անազատության մեջ գտնվողները արտահայտել են ինչ-որ գաղափարներ՝ թեկուզ սխալ եւ անընդունելի, եւ նստած են հենց այդ գաղափարների համար, ահա այդժամ խնդիրը կլուծվի»:

«Ինչ մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի ծրագրերին, ապա կարող ենք ասել, որ անկախ ամեն ինչից, անկախ վերջին հանրահավաքի խաղաղ բնույթից, նա չի հրաժարվել իր հիմնական ռազմավարությունից՝ ապակայունացման միջոցով իշխանության հասնելուց», - գրում է «Ազգ»-ը: - «Ավելացնենք նաեւ, որ իշխանություններն էլ իրենց հերթին չպետք է նպաստեն նոր լարվածության հրահրմանը: Բացարձակապես անընդունելի է հանրահավաքների անցկացումը անընդհատ մերժելու մոտեցումը: Մինչ այժմ էլ անհասկանալի մնաց, թե ո՞րն էր Մատենադարանի մոտ հանրահավաքի անցկացման մերժման եւ ապա թույլատրելու իմաստը: Դա առնվազն անլուրջ մոտեցում էր եւ այլեւս չպետք է կրկնվի»:

«Բարձր տնտեսական աճը ենթադրում է արտահանման ծավալների ավելացում եւ մուտք դեպի արտաքին շուկաներ: Արտահանման ծավալների ավելացումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացմանը եւ զբաղվածության աճին, այլեւ համաշխարհային ինտեգրմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը եւ ամրապնդմանը», - մեջբերելով այս հատվածը կառավարության ծրագրից, «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանում է. - «Ընդամենը մեկ տարվա ընթացքում մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, այսինքն` ներմուծման եւ արտահանման տարբերությունը կրկնապատկվել է: Եթե անցած տարվա առաջին հինգ ամիսներին այդ բացասական հաշվեկշիռը կազմում էր 686 միլիոն դոլար, ապա այս տարվա առաջին հինգ ամիսներին այդ ցուցանիշը 1 միլիարդ 138 միլիոն դոլար է: Այսինքն` մեր մրցունակությունը անցած տարվա համեմատ նվազել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով: Այս տարվա նշված ժամանակահատվածում մեր երկրից արտահանումը ավելացել է ընդամենը 0.2 տոկսով, իսկ ներմուծումը աճել է ավելի քան 40 տոկոսով»:

«Այն, ոչ վերջերս Հայաստանի եւ Զիմբաբվեի միջեւ բավականին մեծ ընդհանրություններ են առաջացել, նկատում են շատերը: Այժմ էլ պարզվում է, որ հայաստանցիները իրենց նույնքան դժբախտ են համարում, որքան Զիմբաբվեի բնակիչները: Perspectives on Psychological Science ամսագրի վերջին համարում տպագրվել է դեռեւս 1981 թվականից գործող սոցիոլոգների գլոբալ ցանցի անցկացրած վերջին հարցումների արդյունքը», - գրում է «Հայք»-ը: - «Սոցիոլոգները եկել են եզրակացության, որ ամենաերջանիկ մարդիկ ապրում են Դանիայում, իսկ ամենադժբախտները` Զիմբաբվեում: Իսկ հայաստանցիները անմիջապես նախորդում են ամենավերջին հորիզոնականը զբաղեցրած դժբախտ զիմբաբվեցիներին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG