Մատչելիության հղումներ

Հայաստանցի գիտնականը պաշտպանում է նախագահ Սարգսյանի հայտարարությունը


Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, Հայաստանի նախագահը համաձայն է ոչ թե Հայոց ցեղասպանության փաստի քննարկմամբ, այլ դրա ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողովի ստեղծմանը:

«Եթե Թուրքիայի առաջարկը նպատակ ունի այնպիսի հանձնախումբ ստեղծել, որը պիտի քննի «եղել է, թե չի եղել» փաստը, ապա Հայաստանի նախագահի առաջարկը, ինչպես կարելի է ենթադրել պարզաբանումներից, որ տրվեցին այդ առաջարկից հետո, ենթադրում է ոչ թե փաստի քննարկումը, այլ փաստի ուսումնասիրումը»:

Հարկ է հիշեցնել, որ Հայաստանի նախագահը Մոսկվայում հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. - «Թուրքական կողմն առաջարկում է ձեւավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բայց` այն ժամանակ, երբ բացվի սահմանը մեր պետությունների միջեւ»:

Դիտարկմանը, թե խոսքը, թերեւս, հենց թուրքական կողմի առաջարկի մասին էր, Սաֆրաստյանը արձագանքեց. - «Նախագահի հայտարարությունը չպետք է դիտարկել որպես մեկուսի երեւույթ: Այն պարզաբանումները, որ տրվեցին, նրանք իսկապես փարատեցին այն դատողությունները, թե դա շեղում է Հայաստանի կողմից իր քաղաքականությունից»:

Հարցին, թե որքանով է հնարավոր նման հանձնաժողովի ստեղծումը, Սաֆրաստյանը պատասխանեց. - «Թուրքիայի պաշտոնական պատմագիտությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Բայց, մյուս կողմից, Թուրքիայում կան արդեն մասնագետներ, որոնք գտնում են, որ իսկապես եղել է ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ եթե իսկապես գործը հասնի այդ հանձնախմբի ստեղծմանը, Թուրքիայի [կողմից] այդ հանձնախմբի անդամների թվում կլինեն նաեւ այնպիսի մասնագետներ, որոնք, այսպես թե այնպես, ընդունում են Ցեղասպանության փաստը»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան կհամաձայնի մասնակցել մի հանձնաժողովի աշխատանքի, որն ի սկզբանե կասկածի տակ չի առնում Ցեղասպանության փաստը, Ռուբեն Սաֆրաստյանը ասաց. - «Եթե ռեալ նայում ենք, ապա մենք տեղափոխվում ենք դիվանագիտության ոլորտ: Իսկ դիվանագիտության ոլորտում եթե առաջարկներ են արվում, ապա անպայման չէ, որ այդ առաջարկները իսկապես ենթադրվեն, որ իրականություն են լինելու»:

Նրա խոսքով, ինչպես Էրդողանի, այնպես էլ Սարգսյանի հայտարարությունները հենց նման առաջարկներին են վերաբերում:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG