Մատչելիության հղումներ

Երիտասարդական երկու նախաձեռնությունները` հակադիր ճամբարներո՞ւմ


«Միասին»-ի անդամները իրենց կազմակերպությունը երիտասարդական շարժում են անվանում: Պատմում են, որ տարբեր բուհերի ուսանողներ են, հասարակական կազմակերպությունների անդամներ: Ինչպե՞ս է ստեղծվել «Միասին»-ը: Պատմում է նախաձեռնող խմբի անդամ Տաթեւիկ Հովհաննիսյանը. - «Մենք էս ամեն ինչը կազմակերպել ենք մեր ընկերական շրջապատով, սրճարանում նստած, կամ հավաքվել ենք տանը»:

Ընդդիմադիր մամուլում հայտնվել են կարծիքներ, թե «Միասին»-ը ստեղծվել է ի հակակշիռ «Հիմա» նախաձեռնության, եւ որ այն վաղ թե ուշ քաղաքականացվելու է: Նախաձեռնող խմբի անդամ Հակոբ Հակոբյանը բացառում է շարժման հետագա քաղաքականացվելը, համոզված ասում է, որ երբեւէ չեն սատարելու որեւէ կուսակցության կամ քաղաքական գործչի:

«Միասին»-ում երիտասարդներ կան տարբեր քաղաքական կազմակերպություններից, բայց մեզ միավորում է ոչ թե քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունը, անդամակցությունը կամ վերաբերմունքը իշխանությանը կամ ընդդիմությանը, այլ մի ընդհանրություն` երկրում լավ նախաձեռնություններով հանդես գալու ու դրանք զարգացնելու, բայց նախաձեռնությունները երիտասարդական են, ոչ քաղաքական», - ասում է Հակոբ Հակոբյանը:

Թեպետ «Միասին»-ի անդամներն ասում են, որ «Միասին»-ը բաց է բոլորի համար, անկախ անդամակցել ցանկացող երիտասարդների քաղաքական հայացքներից, ամսվա սկզբին տված ասուլիսի ժամանակ նրանք «Հիմա» երիտասարդական նախաձեռնության մասին խոսեցին որպես հակադիր ուժի:

«Հիմա»-ի նախաձեռնող խմբի անդամ Միքայել Ազնաուրյանը «Միասին»-ի մասին այսպիսի կարծիք ունի. - «Ինձ թվում է, դա ՄԻԱԿ կուսակցության ինչ-որ հատված է»: Միքայելը ասաց, որ չի փորձում «Հիմա»-ի մտքերը գողանալու մեջ մեղադրել «Միասին»-ի երիտասարդներին, բայց նրանք կրկնել են երթեւեկության կանոններին վերաբերող իրենց ակցիան:

«Միասին»-ի մեկ այլ ակցիայի մասին Միքայելը այսպես խոսեց. - «Ինչ-որ ակցիա արեցին, եւ պաստառների վրա գրված էր` «ոչ ընդդիմությանը». դա, ախր, աբսուրդ է, հասկանում ենք, որ ուզում են հակակշիռ ստեղծել, ուզում են PR անել «Հայլուր»-ի եթերում, բայց ամեն ինչում գոնե մի քիչ որակ պիտի լինի»:

«Հիմա»-ի նախաձեռնող խմբի անդամները իրենց կազմակերպության մասին խոսելիս չեն քողարկում, որ «Հիմա»-ն ընդդիմադիր շարժման ընթացքում է ստեղծվել եւ զերծ չէ քաղաքականությունից. - «Մեր նախաձեռնությունը այնքանով է քաղաքական, որ գնում է հրապարակ եւ իր բողոքն է արտահայտում: Սա նորմալ է, պետք չէ այստեղ որեւէ բան փնտրել: Ես կարծում եմ, որ «Հիմա-ն չէր կարող լինել հասարակական կամ քաղաքացիական հիմունքներով, «Հիմա»-ն քաղաքականի եւ քաղաքացիականի միջանկյալ հատվածում է»:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG