Մատչելիության հղումներ

logo-print

Լրագրողի պնդմամբ` թիվ 13/16 տեղամասում իր եւ դիտորդի նկատմամբ նաեւ բռնություն է կիրառվել


«Պարզապես խեղկատակություն» որակեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Լուսինե Բարսեղյանը այն փաստը, որ իր եւ դիտորդ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի աշխատանքը խոչընդոտելու հատկանիշներով է միայն Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանի դեմ գործը ուղարկվել դատարան: «Ես հստակ նշել էի, որ հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանը ոչ միայն խոչընդոտել է իմ աշխատանքին, այլ նաեւ իմ նկատմամբ ու նաեւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ բռնություն է կիրառվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց լրագրողը:

Հատուկ քննչական ծառայության ավարտած եւ դատարան ուղարկած քրեական գործով Աֆյանը մեղադրվում է նախագահական ընտրությունների օրը լրագրողի եւ դիտորդի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Լուսիներ Բարսեղյանի վկայությամբ, սակայն, եթե Վասիլ Աֆյանը փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ խոչընդոտել է իր աշխատանքը, արգելել տեղամասում ձայնագրելն ու լուսանկարելը, ոստիկան հրավիրել, ապա այլոք բռնություն են կիրառել. - «Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Ավետիք Մկրտչյանի հետ ներս մտան հեղինակությունները թաղային, հարձակվեցին մեր վրա: Հեղինակություններից մեկը, որի անունը ես հստակ նշել եմ` Բաբկեն Ղազարյան, հարվածել է ինձ ու ձայնագրիչը եւ ֆոտոխցիկը տարել է: Ոստիկանապետը ոչ միայն չի միջամտել, այլեւ հանգիստ կանգնած նայում էր»:

Լրագրողի պնդմամբ` Վասիլ Աֆյանը Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանի ազգականն է, իսկ Բաբկեն Ղազարյանը` Սեդրակյանի ընկերոջ որդին:

Լուսինե Բարսեղյանի պատմելով` հաջորդ օրը իրեն զանգահարել են եւ առաջարկել գնալ ու ընտրատեղամասից վերցնել ձայնագրիչն ու ֆոտոխցիկը, ասելով, թե աստիճաններին են գտել: Նա դրանք վերցրել է մոտ մեկ ամիս անց` ֆոտոխցիկը վնասված է եղել, սակայն այդ օրվա ձայնագրությունը կամ լուսանկարները վնասված չեն եղել. - «Պարզապես իրենք այնտեղ լավ փորփրել էին: Ուղղակի բախտս բերել էր, որ տեխնիկայից գլուխ չէին հանել»:

Մեղադրանքն ապացուցվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին սպասում է կա’մ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից 500-ապատիկի չափով, կա’մ կալանք՝ առավելագույնը երեք ամսով:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG