Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կընդունի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկվելու հրավերը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր է ընդունել մարտի 1-2-ի իրադարձությունները եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ձեւավորված ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հրավերը: Նման հրավեր նա դեռ չի ստացել, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց օմբուդսմենը, հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանից տեղեկացել է, որ այդպիսին լինելու է:

Հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպանին խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկելու առաջարկով հանդես է եկել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը` Հայաստանի վերաբերյալ անցած շաբաթ ընդունած թիվ 1620 բանաձեւում:

Արմեն Հարությունյանը պարտադիր է համարում փոփոխությունները խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության կարգում: Թիվ 1620 բանաձեւում Հայաստանի իշխանությունների առջեւ նոր պահանջներ են դրվել, մասնավորապես` Վեհաժողովն առաջարկում է, որ իր աշխատանքային մեթոդները որդեգրելիս ժամանակավոր հանձնաժողովը փորձի անել հնարավորը, որպեսզի որոշումները կայացվեն կոնսենսուսի սկզբունքով, այսինքն` համաձայնեցված լինեն բոլոր անդամների, այդ թվում նաեւ նրանց հետ, ովքեր ունեն միայն խորհրդակցական ձայնի իրավունք:

«Ենթադրում եմ, որ այս սկզբունքները` որպես գործունեության հիմք, նույնպես պետք է նախատեսվեն կանոնադրության մեջ, որպեսզի հանձնաժողովը կարողանա գործել: Այնտեղ նաեւ կար դրույթ, որ հանձնաժողովը պետք է իրավունք ունենա մարտի 1-ի հարցի հետ կապված` որոշակի մարդկանց հրավիրել, հարցեր տալ, եւ այլն», - ասաց օմբուդսմենը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մարդու իրավունքների պաշտպանը ինքն էլ որոշ առաջարկներ էր արել հանձնաժողովին: Մասնավորապես, նրա կարծիքով, հանձնաժողովի գործունեության հիմքում ընկած փաստաթղթերից մեկն էլ պետք է լինի նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրադարձությունների վերաբերյալ իր արտահերթ հրապարակային զեկույցը. - «Եվ եթե նրանք ինչ-որ հարցադրումներ են ուղղելու որոշակի մարմինների, կարծում եմ նաեւ, պետք է հիմնվեն նաեւ այն հարցերին, որոնք գոյություն ունեն մեր զեկույցում»:

Այսօր, սակայն, հանրությանը հետաքրքրող նոր հարցեր էլ են ծագել, որոնք ուղղված են առավելապես նախաքննության մարմնին: «Օրինակ, մեզ հիմա բողոքներ են գալիս, որ նույն ոստիկանը տարբեր դատարաններում ցուցմունք է տալիս, որ իրեն ծեծել են, բայց պարզվում է, որ միաժամանակ մի քանի հոգի տարբեր տեղերում նրան ծեծել են: Հիմա սա բամբասանք է, թե իրողություն` պետք է հասկանանք, պետք է պարզենք, այդ թվում նաեւ այդ հանձնաժողովի գործն է սա», - ասաց Արմեն Հարությունյանը` հավելելով. - «Եթե սա բամբասանք է, սրա պատասխանը պետք է հստակ տրվի, որպեսզի հասարակությունը հանգստանա: Եթե իրոք այսպիսի փաստեր կան, ուրեմն սրա հարցն էլ պետք է լուծվի: Նմանատիպ ուրիշ խնդիրներ էլ կան»:

Միաժամանակ, մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ հանձնաժողովի աշխատանքները թերի կլինեն, եթե խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չմասնակցեն դրանց:

Խորհրդարանի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում առաջարկել էր կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի թեկնածությունները: Հանձնաժողովը մերժեց առաջարկը: Նոր թեկնածուներ դեռեւս չեն առաջարկվել. խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հարցը քննարկվելու է առաջիկա օրերին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG