Մատչելիության հղումներ

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ որոշ ուշագրավ նախանշաններ վկայում են Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար ստեղծված առավել բարենպաստ պայմանների մասին:

Գերմանիան նախորդ երեք անգամ չեմպիոն է դարձել՝ հաղթանակով սկսելով Եվրոպայի առաջնությունը: «Եվրո-2008»-ի անդրանիկ խաղում գերմանացիները 2-0 հաշվով պարտության են մատնել լեհերին:

Գերմանիան առաջին խոշոր հաղթանակը տոնել է 1954 թվականին` աշխարհի գավաթը շահել է Շվեյցարիայում: Այժմ «Եվրո-2008»-ի համակազմակերպիչներից մեկը Շվեյցարիան է (մյուսը` Ավստրիան):

Գերմանիան այս առաջնությունում հաղթել է բոլոր այն թիմերին, որոնք մարզադաշտ են դուրս եկել կարմիր մարզազգեստով. դրանք են Լեհաստանը, Ավստրիան, Պորտուգալիան եւ Թուրքիան: Միակ պարտությունը, ըստ DPA-ի, Գերմանիան կրել է կապույտ մարզազգեստ կրող Խորվաթիայից:

Կիրակի օրը Գերմանիան հանդես է գալիս «հյուրընկալողի» կարգավիճակով, ուստի, օգտվել է համազգեստի գույնն ընտրելու իրավունքից եւ մարզադաշտ դուրս կգա ավանդական սպիտակ շապիկներով, իսկ իսպանացիները կրելու են իրենց ավանդական կարմիր գույնի համազգեստը:

Գերմանացիները պնդում են նաեւ, որ դրական դեր կարող է խաղալ իրենց թիմի համար կախարդական «36» թիվը: Գերմանիայի հավաքականը 36 տարի անց կրկնում է իր արդյունքը, որն առաջին անգամ է ձեռք բերել ֆուտբոլում: 0րինակ, 1934 թվականի աշխարհի առաջնությունում Գերմանիան գրավել է երրորդ տեղը, ինչը կրկնվել է նախ 1970, ապա 2006 թվականներին: 1966 թվականի աշխարհի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը, ինչը կրկնվել է 2002-ին: 1972 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, ինչից 36 տարի է անցել:

Եվ վերջապես, նշում է գերմանական գործակալությունը, 1996 թվականին Գերմանիան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթել է Չեխիային, այդ հանդիպման մրցավարն իտալացի Պերլուիջի Պաիրետան էր, իսկ հունիսի 29-ին վերստին իտալացի է դատելու՝ Ռոբերտո Ռոսետտին:

Հանուն արդարության DPA-ն նաեւ նշում է, որ իսպանացիներն էլ «հաղթահարել են անեծքը»՝ 1986, ապա 2002 թվականների աշխարհի առաջնությունում, ինչպես նաեւ 1996-ի Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի հավաքականը հունիսի 22-ին պարտվել է 11-մետրանոց հարվածներով, բայց այս անգամ նրանք հենց հունիսի 22-ին առավելության են հասել Իտալիայի նկատմամբ:

Եվ, ի տարբերություն Հոլանդիայի, Պորտուգալիայի եւ Խորվաթիայի, խմբային փուլերում գրանցված երկու հաղթանակներից հետո Իսպանիան շարունակել է հաղթել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG