Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Նկարիչների միություն, որի վերանորոգված ցուցասրահներում դիտել է Նկարիչների միության 75-ամյակի առթիվ բացված հոբելյանական ցուցահանդեսը:

«Ես ուրախ եմ, որ այսօր երկրի նախագահը այցելում է Նկարիչների միության նոր ցուցասրահները», - մինչեւ նախագահի ժամանելը լրագրողներին ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Նրա փոխանցմամբ, հոբելյանական ցուցահանդեսում ներկայացված են 500 գեղանկարիչների մեկական աշխատանքներ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե խնդրելո՞ւ է արդյոք ֆինանսական աջակցություն, Աղամյանը պատասխանեց. - «Իհարկե, ոչ: Երկրի նախագահից ֆինանսական աջակցությունը խնդրելը, ես կարծում եմ, սխալ բան է: Երկիր է, պետություն է, ունի մշակույթի նախարարություն, ունի ծրագրեր, եւ չեմ կարծում, որ պետք է այնպիսի վիճակ լինի, որ պետք լինի նախագահից ինչ-որ բան խնդրել»:

Կարեն Աղամյանի եւ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկացությամբ ցուցահանդեսը դիտելուց հետո նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Նկարիչների միության մի խումբ անդամների հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ Կարեն Աղամյանը նախագահ Սարգսյանի այցը համարել է ոգեւորիչ, որը փաստում է այն մեծ նշանակությունը, որ երկրի ղեկավարը տալիս է կերպարվեստին, եւ առհասարակ, մշակույթին:

Արվեստի գործիչները Հանրապետության նախագահի հետ քննարկել են նաեւ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG