Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը հավանություն է տվել ԵԱՀԿ-ի շրջանակներում ղարաբաղյան գործընթացը շարունակելուն


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի շրջանակներում շարունակելուն եւ հույս է հայտնել, որ այդ գործընթացը պետք է շարունակվի եւ ուժեղանա: Այդ մասին Բաքվում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:

Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցի շրջանակներում այսօր Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում Բրայզան հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուշադրություն կդարձնեն իրենց առաջարկների վրա: «Ինչ-որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մի քայլ առաջ գնալու քաղաքական կամք, ինչը, հուսով եմ, կողմերը կարող են ցուցաբերել», - ընդգծել է նա:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Բաքվում նշել է, որ տվյալ պահին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում չկան նոր առաջարկներ, եւ կողմերը աշխատում են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում միջնորդների առաջարկած սկզբունքների շրջանակներում:

«Ես նկատեցի, որ նորմալ կառուցողական երկխոսության համար կան հնարավորություններ: Մենք կայցելենք Ստեփանակերտ, կհանդիպենք ներկայացուցիչների հետ եւ նրանց կարծիքը կիմանանք: Բայց ամենակարեւորը` մենք պետք է իմանանք Երեւանի դիրքորոշումը», - նշել է Ֆասիեն:

Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, թե բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի բնակչության մասնակցությունը կարող է հնարավոր դառնալ բանակցությունների արդյունքում առանձին կետեր համաձայնեցնելուց հետո: «Վաղ թե ուշ Lեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, բայց դա հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, երբ երկու երկրների`Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մադրիդյան գործընթացում համաձայնության կգան հիմնարար սկզբունքների շուրջ», - ասել է Մերզլյակովը:

Համանախագահները երեկոյան ժամանեցին Երեւան, որտեղ հանդիպում են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վաղը նախատեսված է նրանց հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երեւանից միջնորդները կմեկնեն Ստեփանակերտ, այնուհետեւ կվերադառնան Երեւան: Հունիսի 30-ին Վիեննայում կայանալու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հանդիպումը ընդլայնված կազմով, որի ժամանակ համանախագահները ներկայացնելու են բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG