Մատչելիության հղումներ

Շվեյցարիան դիվանագիտական ներկայացուցիչ կուղարկի Հայաստան


Շվեյցարիան որոշել է դիվանագիտական ներկայացուցիչ ուղարկել Հայաստան: Այդ մասին հայտնել է Շվեյցարական Համադաշնության դաշնային խորհրդի անդամ, արտգործնախարար Միշլին Կալմի-Ռեյը այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Սերժ Սարգսյանը փաստել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանում են բավական դինամիկ, ձեւավորված է բովանդակալից եւ ընդգրկուն օրակարգ, ստեղծված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ: Ըստ նախագահի, Շվեյցարիան ավանդաբար ակտիվ է եղել Հայաստանի զարգացման, բարեփոխումների խնդիրների լուծման համար տեխնիկական եւ ֆինանսական աջակցության տրամադրման հարցում:

Միշլին Կալմի-Ռեյի խոսքերով` իր երկիրը մշտապես Հայաստանի կողքին է եւ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Նա ընդգծել է շվեյցարական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանի գյուղական շրջանների զարգացման ծրագրին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Շվեյցարիան պետք է շատ ավելի ինտենսիվ համագործակցեն: Շվեյցարիայի արտգործնախարարը հատկապես կարեւորել է գործակցությունը Եվրախորհրդի շրջանակում:

Տնտեսության զարգացումը, աղքատության հաղթահարումը դիտելով գերակայություններ` Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս խնդիրների լուծման գործում ակնկալում է նաեւ բարեկամ եւ գործընկեր երկրների աջակցությունը:

Նախագահը խոսել է նաեւ երկրում իրականացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումների, տարածաշրջանային խնդիրների, հայ - թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի մասին:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG