Մատչելիության հղումներ

«Մեծ ութնյակ». «Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավոր են զսպվածություն դրսեւորել»


Ճապոնական Կիոտո քաղաքում երկօրյա ժողով գումարած Մեծ ութնյակի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի արտգործնախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել են խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին ասված է ժողովը նախագահող Ճապոնիայի արտգործնախարար Մասահիկո Կոմուրայի հայտարարությունում:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` «Մեծ ութնյակի արտգործնախարարները իրենց զորակցությունն են հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, որոնք ուղղված են հակամարտության շուտափույթ կարգավորմանը»:

Մեծ ութնյակի արտգործնախարարները նշել են, որ «Հայաստանը եւ Ադրբեջանը պարտավոր են զսպվածություն դրսեւորել եւ ձեռնարկել համաձայնության կայացմանն ուղղված լուրջ քայլեր»:

Միաժամանակ, Ճապոնիայի արտգործնախարարի մամլո խոսնակ Կաձուո Կոդաման նշել է, որ «արտգործնախարարների ժողովում այդ խնդրի լայն քննարկում չի եղել»:

Կիոտոյում տեղի ունեցած ժողովի ամփոփիչ հռչակագրում հաղորդվում է, որ Մեծ ութնյակի արտգործնախարարները քննարկել են միջազգային հրատապ հարցեր, այդ թվում` ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի թեման:

Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին փոխանցել է, որ հուլիսին նախատեսված է Մեծ ութնյակի գագաթնաժողովը, որի օրակարգում կլինեն միայն Իրանի, Հյուսիսային Կորեայի, Աֆղանստանի եւ Մերձավոր Արեւելքի հարցերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG