Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանի` Մոսկվայում արած հայտարարությունը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու դեպքում պաշտոնական Երեւանը պատրաստ կլինի հայ - թուրքական հանձնաժողով ստեղծել, չի նշանակում, թե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել ցեղասպանության ճանաչման խնդիրը արտաքին քաղաքականության օրակարգ բերելու՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քայլից: Այդ մասին այսօր հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Ցեղասպանության հարցը մնում է մեր օրակարգում: Հայաստանը բազմիցս հայտարարել է եւ այսօր էլ մենք հայտարարում ենք, որ մենք պատրաստ ենք առանց որեւէ նախապայմանի հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ եւ բացել սահմանները, եւ պատրաստ ենք քննարկել բոլորը հարցերը, որ հետաքրքրում են երկու երկրներին` դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանների բացումից հետո», - ասաց Հայաստանի արտգործնախարարը իր շվեյցարացի գործընկեր Միշլին Կալմի-Ռեյի հետ համատեղ ասուլիսում:

Էդվարդ Նալբանդյանը «բացարձակ սուտ» որակեց երեւանյան որոշ թերթերի հրապարակումները, թե Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը կատարյալ ձախողում էր:

«Փայլուն այցելություն էր, շատ հագեցած: Բանակցությունները ընդգրկում էին հարցերի լայն շրջանակ` երկկողմ, տարածաշրջանային, միջազգային հարցեր: Հայաստանի նախագահն ընդունվեց ամենաբարձր մակարդակով Ռուսաստանում, այսինքն` պետական այցելության մակարդակի այցելություն էր: Եվ նաեւ կարող եմ հաստատել այն բացառիկ ջերմ ընդունելությունը, որին արժանացավ մեր նախագահը Ռուսաստանում», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` հայտարարեց նախարարը եւ հավելեց. - «Մենք նորից վերահաստատեցինք մեր ջերմ, ստրատեգիական, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ դրա մասին նաեւ ստորագրվեց հայտարարություն երկու նախագահների կողմից»:

Այսօր երեկոյան Երեւան են ժամանելու ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, ովքեր հանդիպում են ունենալու արտգործնախարարի հետ: Վաղը նախատեսված է հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո միջնորդները մեկնելու են Ստեփանակերտ:

Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` որեւէ նոր առաջարկ համանախագահները չեն բերում. - «Նոր առաջարկների մասին չէ խոսքը: Բանակցությունները շարունակվում են Մադրիդում արված առաջարկների հիման վրա, եւ դրա մասին մենք հայտարարեցինք Ադրբեջանի արտգործնախարարի հետ միասին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո` որ բանակցությունները շարունակվում են, բանակցությունները շարունակվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007 թվականի նոյեմբերին ներկայացված առաջարկների հիման վրա»:

Անդրադառնալով ասուլիսի բուն թեմային` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւոր է համարում տարբեր ուղղություններով Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդումը:

«Հայաստանի անկախությունից ի վեր Շվեյցարիան իր բարեկամական աջակցությունն է բերել Հայաստանին` զարգացման, բարեփոխումների եւ հումանիտար ուղղություններով: Մենք արձանագրեցինք, որ մեր երկրների դիրքորոշումները համընկնում են մի շարք միջազգային հարցերում: Մեր կողմից նշվեց նաեւ երկու երկրների տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը եւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Անդրադարձանք Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությանը», - տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարը:

Միշլին Կալմի-Ռեյի խոսքերով` Շվեյցարիան ծրագրում է ամրապնդել իր դիվանագիտական ներկայությունը Հայաստանում. - «Մենք արդեն ունենք համագործակցության բյուրո Երեւանում եւ մտադիր ենք այդտեղ մի պրոֆեսիոնալ դիվանագետի նշանակել` Հայաստանում մեր դիվանագիտական ներկայությունը հաստատելու նպատակով»:

Պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ է արդյոք, որ Եվրոպայում այսօր միակ փակված սահմանը հայ - թուրքական սահմանն է, եւ ի՞նչ է պատրաստվում անել Շվեյցարիան` աջակցելու տարիներ շարունակ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումը վերացնելու համար, Միշլին Կալմի-Ռեյը հայտարարեց. - «Մենք միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել` հանդես գալ միջնորդի դերում եւ նպաստել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG